Ո՞ր փոխնախարարն է կատարում ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատարի պարտականությունները

Նախարարությունից տեղեկացրել են, որ բոլոր փոխնախարարները շարունակում են կատարել իրենց պարտականությունները՝ չմեկնաբանելով նրանց հրաժարականի մասին լուրերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik․ ՀՀ արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարում է ամենաերկար պաշտոնավարող տեղակալը: «Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկությունը հայտնել են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

«Օրենքի ուժով նախարարի պարտականությունների կատարումն իրականացվում է ամենաերկար պաշտոնավարող տեղակալի կողմից, ինչը չի ենթադրում առանձին իրավական ակտի ընդունում»,- տեղեկացրել են ԱԳՆ-ից։

Գործակալության հետ զրույցում անդրադարձ է արվել նաև տարածվող տեղեկություններին, թե ԱԳ բոլոր փոխնախարարները հրաժարական են ներկայացրել։

«Այս պահի դրությամբ ՀՀ ԱԳ բոլոր փոխնախարարները շարունակում են կատարել իրենց պարտականությունները: Մնացածի մասով չենք մեկնաբանում»,- ասել են նախարարությունում։

Հավելենք, որ ԱԳ նախարարի տեղակալներից ամենաերկարը պաշտոնավարում է Արտակ Ապիտոնյանը։ Նա այդ պաշտոնում նշանակվել է 2018 թվականի դեկտեմբերի 28-ին։

Ո՞ր փոխնախարարն է կատարում ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատարի պարտականությունները

Հիշեցնենք` Արա Այվազյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել մայիսի 27–ին։ Մամուլը գրում էր, որ հրաժարականի պատճառը Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հակասություններն են։

Մայիսի 31–ին էլ պաշտոնից հրաժարվեցին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը և նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։