Պատերազմի օրերին` 2020թ.–ի հոկտեմբերի 11-ին, զինծառայողները 3 մեքենայով Ա կետից Բ կետ են գնալիս եղել, սակայն Հադրութ-Ջաբրայիլ հատվածում թշնամին տեղորոշել է նրանց ու հայտնվել են ԱԹՍ-ի թիրախում։ Երեք «ԿԱՄազ»–ներում գտնվող 72 տղաներից որևէ մեկին չի հաջողվել փրկվել։ Այդ զինվորներից մեկը 19-ամյա Արտյոմ Զախարյանն էր, որը Մարտունի 3–ի երկու ամսվա ծառայող էր։
Արտյոմենց տանն ենք, ավելի ճիշտ` այնտեղ, ուր հիմա ժամանակավոր ապրում է նրա ընտանիքը, քանի որ հարազատ Ջիվանի գյուղն ու նրանց տունն այժմ թշնամուն են մնացել։ Հյուրասենյակում Արտյոմի հիշատակի անկյունն է. տղան մեղմ ժպտում է լուսանկարի շրջանակից, առջևում արհեստական ու բնական ծաղիկներ են և «Ծառայության համար» ստացած մեդալը։ Վերջ։ Նրա հետ կապված որևէ այլ հուշ չկա։ Ամեն ինչ մնացել է Ջիվանիում։
«Պատկերացնո՞ւմ եք` 72 զինվորից ոչ մինը սաղ չի մնացել, լոխ զոհվել են։ Արտյոմիս մարմինն էլ անճանաչելի է եղել, չնայած զինգրքույկը գտել էինք պիջակի միջից։ Տղայիս մարմնի մի մասը Գորիսում, մյուսը` Երևանի դիահերձարանում էր. ԴՆԹ-ի միջոցով ենք գտել մասունքները։ Հուղարկավորությունն այս տարվա փետրվարին նոր եղավ»,–ասում է Արտյոմի հայրը` Ռոբերտը, ձեռքերը նյարդային տրորելով։
Հայրն ուզում է հուզմունքն ու զայրույթը թաքցնել` դադար է վերցնում, խորը շունչ քաշում, բայց աչքը չի կտրում որդու լուսանկարից։
Արտյոմը երեխաներից ավագն էր` մեկ եղբայր և երկու քույր էլ ունի։ Քանի որ տան մեծն էր, մտածել է` «Ես եմ» ծրագրով մեկնի ծառայության, որը ենթադրում է 3 տարվա ծառայություն, սակայն վերջում պետությունը 5 մլն դրամ պետք է հատկացներ։ Արտյոմն ուզում էր տուն գնել, հետո ընտանիք կազմել։ Հայրն ասում է` տղան որոշել էր զինվորական դառնալ` հետախույզ։
«Զոհվելուց հետո մի աղջիկ սկսեց մեզ զանգել ու գրել` միայն այդ ժամանակ իմացանք, որ սիրահարվել էր մեր տղային։ Բայց մինչ էդ ընկերություն չեն արել։ Արտյոմս երազում էր զինվորական դառնալ, բայց դե հավերժ զինվոր մնաց»,–ասում է հայրը։
Ի դեպ, պատերազմի օրերին ընտանիքը Ջիվանիից տեղափոխելուց հետո Արտյոմի հայրն էլ գյուղի ինքնապաշտպանական մարտերին է մասնակցել։ Ռոբերտն ասում է` 5 օր են պայքարել Ջիվանիի համար, դրանից հետո դուրս են եկել գյուղից, քանի որ թշնամին արդեն շատ մոտ էր։
«3 երեխաներիս ի՞նչ անեմ». հայրն ու որդին զոհվել են նույն օրը` պաշտպանելով սեփական գյուղը
Արտյոմի մայրը` Լուսինե Զախարյանը, պատմում է, որ իր համար շատ դժվար էր պատերազմի օրերին, քանի որ մի կողմից պետք է երեխաներին չհուսահատեցներ, մյուս կողմից` ինքն իրեն էր հուսահատ զգում, քանի որ ամուսինն ու որդին «վտանգի բերանն» էին։
«Երբ տնից հեռանում էինք, միայն Արտյոմիս պլանշետը վերցրինք` այն հույսով, որ շուտով հետ ենք վերադառնալու։ Բայց կյանքում ամենակարևորը կորցրի` դեռ տուն ու տեղս հեչ, բայց տղայիս տեղն ինչպե՞ս է լցվելու»,–ամուսնու հայացքում մխիթարություն փնտրելով` ասում է տիկին Լուսինեն։
«Տուն ստացանք, նորոգեցինք և տվեցինք թշնամուն». պատերազմի հետքը` բազմազավակ ընտանիքների վրա
Կինն, ի դեպ, առողջական խնդիրներ ունի` երիկամներից մեկը հեռացրել են, որպես 3-րդ կարգի հաշմանդամ մի քանի տարի թոշակ է ստացել, հետո «կտրել են»` ասելով, որ մյուս երիկամը լավ է աշխատում։ Տիկին Լուսինեն պատերազմի օրերին Երևանում ևս մեկ վիրահատություն է տարել (կանացի խնդիրներ է ունեցել)։ Մինչև պատերազմը Ջիվանիում ամուսինն աշխատել է` վարորդ է եղել, իսկ ինքը տան գործերով է զբաղվել` շատ անասուններ են ունեցել, կաթնամթերք են վաճառել։
Հիմա ընտանիքը սպասում է տուն ստանալուն, որպեսզի գոնե իմանան` որտեղ են ապրելու, որ աշխատանք փորձեն գտնել։ Տիկին Լուսինեն ասում է` որտեղ ուզում է` թող տուն տան, միայն թե «սահմանի բերան» չլինի, քանի որ երեխաների համար շատ է վախենում։ Կինն ասում է, որ փոքր տղան, որը 17 տարեկան է արդեն, եղբոր զոհվելուց հետո շատ է փոխվել ու հիասթափվել` ոչնչով զբաղվել չի ուզում։
«Մեզ համար արդեն լավ չի, գոնե երեխաներիս համար մի լավ բան լինի»,–շշուկով ասում է Լուսինեն։
Տիկին Լուսինեն նշում է` մի օր հաստատ հարազատ գյուղ են վերադառնալու, որ որդու` Արտյոմի հոգին խաղաղվի։
«Տղաս ո՜նց կցնծար հիմա». հերոսաբար զոհված Հրայրի մահից 6 ամիս անց ծնվել է նրա առաջնեկը