Տարօրինակ միջադեպ ՔՊ-ի գրասենյակի մոտ. պատգամավորը խլել է լրագրողի հեռախոսը

Լրագրող Անուշ Դաշտենցը քիչ առաջ հայտնել է, որ իր հեռախոսն արդեն վերադարձվել է, այլ մանրամասներ չի նշել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Այսօր տարօրինակ միջադեպ է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մաշտոցի պողոտայի գրասենյակի մոտ։ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը («Շիշ բռնող») վերցրել է «Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսն ու հեռացել։

Նշվում է, որ լրագրողը տեսել է Մաշտոցի պողոտայում հավաքված կուսակցականներին, այդ թվում՝ Հայկ Սարգսյանին։ Նա  մոտեցել է և փորձել հարցեր ուղղել՝ այդ ամենը նկարահանելով հեռախոսով։ Ի պատասխան լրագրողի հարցադրումներին՝ Հայկ Սարգսյանը խլել է նրա ձեռքից հեռախոսը, փորձել ջնջել տեսագրությունը, բայց քանի որ հեռախոսը կոդ է ունեցել, չի կարողացել դա անել։ Փոխարենը հեռախոսը ձեռքին նստել է մեքենան և հեռացել։

Ես նման տեղեկատվություն չունեմ. փոխոստիկանապետը՝ «Շիշ բռնողին» վերագրվող լուրերի մասին

«Հրապարակը» գրում է, որ լրագրողը տեղում հավաքված ՔՊ-ականներին ասել է, թե դիմելու է ոստիկանություն։ Դրան ի պատասխան նրանք ծաղրել են՝ ասելով, թե «ո՞վ է տեսել, որ նման բան է եղել, որ մի հատ էլ կարողանա ապացուցել»։

Ավելի ուշ Անուշ Դաշտենցը Facebook-ի իր էջում հայտնել է, որ հեռախոսը վերադարձվել է։

Հայաստանի ժուռնալիստների միությունն արդեն հանդես է եկել հայտարարությամբ։ Մասնավորապես նշվում է, որ կազմակերպությունը խստորեն դատապարտում է տեղի ունեցածը` կատարվածը գնահատելով որպես խոսքի ազատության ու մամուլի դեմ իշխանությունների սանձազերծած արշավի մաս:

Հայաստանի ժուռնալիստների միությունը իրավապահ մարմիններից պահանջում է տեղի ունեցածի առնչությամբ իրականացնել օբյեկտիվ քննություն`համարժեք իրավական հետևանքներով, իսկ ԱԺ նախագահից` կատարվածը դարձնել էթիկայի հանձնաժողովի քննության առարկա:

Նշենք, որ պատգամավոր Հայկ Սարգսյանն ու իշխող կուսակցության ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել կատարվածը։