Շտապ քննարկում եք. ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է արտադրական կանեփի վերաբերյալ օրինագիծը

Օրենքում փոփոխություններով թույլատրվում են արտադրական կանեփի արտադրությունը, օրինական շրջառանությունը, ներմուծումը, արտահանումը, մեծածախ առևտուրը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. ՀՀ ազգային ժողովը արտահերթ նիստում քննարկում է արտադրական կանեփի արտադրությունը և դրա վաճառքը օրենքով թույլատրող օրինագիծը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը ամբիոնից ներկայացրեց «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

Կառավարությունը կանաչ լույս է վառում արդյունաբերական կանեփ աճեցնողների համար

«Օրենքում փոփոխություններով թույլատրվում են արտադրական կանեփի արտադրությունը, օրինական շրջառանությունը, ներմուծումը, արտահանումը, մեծածախ առևտուրը: Սահմանվում են դրանց լիցենզավորման առանձնահատկությունները և քվոտավորման պահանջները»,- ասաց Գաբրիելյանը:

Անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը իր վրդովմունքը հայտնեց օրինագծի շտապ քննարկման առնչությամբ։

«Ինձ կարո՞ղ եք բացատրել` որն է պատճառը, որ արտահերթ նիստում այս հարցը շտապ քննարկում եք», – ասաց նա։

Նշենք, որ ավելի վաղ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել էր, որ արտադրական կանեփի աճեցման շատ դրական փորձ կա ԱՄՆ-ում, Ռուսաստանում ու Չինաստանում։ Նրա խոսքով` այդ փորձն ուսումնասիրվել է էկոնոմիկայի նախարարության կողմից, արդեն կա մշակված նախնական հայեցակարգ։