ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Ռուսաստանը ոչ միայն վստահորեն դուրս կգա կորոնավիրուսի համավարակից հետո ստեղծված բարդ տնտեսական իրավիճակից, այլև կընդլայնի սահմանները։ Այս մասին այսօր`հունիսի 3–ին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը հեռակա կարգով մասնակցել է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում ներդրումային համաձայնագրերի ստորագրման արարողությանը։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս աշխատանքի համար և հույս հայտնել, որ մենք ոչ միայն վստահորեն դուրս կգանք դժվարին իրավիճակից, որում հայտնվել է ամբողջ աշխարհը, այլև, անկասկած, նկատի ունենալով այն նախնական աշխատանքը, որի վկան ենք մենք այսօր, մենք կընդլայնենք մեր սահմանները»,-ասել է Ռուսաստանի նախագահը՝ դիմելով ՊՄՏՀ-ի մասնակիցներին։
Նա ավելացրել է, որ այդ կապակցությամբ որևէ կասկած չունի։
Ռուսաստանի տնտեսության վիճակը
Ինչպես նշել է Պուտինը, ընթացիկ աշխատանքը շարունակվում է, անկախ բոլոր, այդ թվում՝ կորոնավիրուսի հետ կապված բարդություններից: Նրա կարծիքով՝ դրա լավագույն ապացույցը ռուսական տնտեսության աշխատանքի ընդհանուր արդյունքներն են։
«Ես այդ մասին նաև վաղը կասեմ` համաժողովի ժամանակ, բայց դուք դա բոլորից լավ գիտեք, դուք դա զգում եք գործնական աշխատանքի ընթացքում՝ ամենօրյա ռեժիմով»,-ասել է Պուտինը։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ կառավարությունը բիզնեսին աջակցելու համար անում է ամեն ինչ։
Տարածաշրջանային նախագծեր
Պուտինը նաև հայտնել է, որ Ռուսաստանի իշխանությունները պատրաստ են աջակցություն ցուցաբերել տարածաշրջանային նախագծերին, որոնք հնարավորություն կտան ստեղծել աշխատատեղեր և ամրապնդել արտադրական, տրանսպորտային եև զբոսաշրջային ենթակառուցվածքները:
Նա նշել է, որ համաժողովի մասնակիցներից մի քանիսի հետ առավոտից արդեն քննարկումներ են ընթանում։ Պուտինի խոսքով՝ համաժողովն աշխատանքը սկսել է հունիսի 2-ին, սակայն արդեն իսկ ակտիվ գործնական հանդիպումներ են անցկացվում և մի շարք կարևոր համաձայնագրեր են ստորագրվում:
«Հուսով եմ, որ այսօրվա համաձայնագրերի իրագործումը կդառնա իշխանության մարմինների, պետական և մասնավոր ընկերությունների արդյունավետ համատեղ աշխատանքի օրինակ», -ասել Է ՌԴ նախագահը:
Հիշեցնենք, որ Պետերբուրգի Միջազգային տնտեսական համաժողովը(ПМЭФ) տնտեսական ոլորտում ամենամյա գործարար միջոցառում է, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում 1997 թ․-ից, իսկ 2005 թ․-ից՝ Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ:
Այս տարի համաժողովն անցկացվում է հունիսի 2-5-ը՝ առկա ձևաչափով։ «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալությունը հանդես է գալիս որպես ՊՄՏՀ–ի տեղեկատվական գործընկեր:
Պուտինը շատ բան է արել Ղարաբաղյան հակամարտությունը դադարեցնելու համար. Վոլոդին