Փորձ է արվում տապալել արտահերթ ընտրությունները․ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչը նախազգուշացնում է, որ այս կամայականություններն անպատիժ չեն մնալու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik․ Իրավապահների, մասնավորապես, ՀՔԾ-ի կողմից փորձ է արվում ճնշումների և քաղաքական հետապնդումների գործադրմամբ տապալել մայիսի 10-ին մեկնարկած արտահերթ ընտրությունների գործընթացը:

Այս մասին բարձրաձայնում է «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն իր հայտարարության մեջ։

«Ես վարչապետ կամ պատգամավոր չեմ դառնալու». Արա Աբրահամյանը` ընտրությունների մասին

Շեշտում է, որ նախընտրական շրջանում կողմերի հավասարության և օրինականության պահպանման պարտականությունը պարտավոր է ապահովել իշխանությունը։

«Նախ, մայիսի 20-ին «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պետ Արմեն Գևորգյանի նկատմամբ սկսվեց հերթական շինծու և ապօրինի քաղաքական հետապնդումը։ Իսկ այսօր ՀՔԾ-ն իբր հարցաքննության է կանչել հենց այս նախընտրական ակտիվ փուլում կենտրոնական շտաբի անդամ, մարզային աշխատանքները համակարգող Ռուդոլֆ Սարգսյանին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Վարդևանյանը նախազգուշացնում է՝ «ժամանակավոր իշխանությունը և իրենց սպասարկող իրավապահները թող վստահ լինեն, որ կամայականություններն անպատիժ չեն մնալու»:

Նաիրա Զոհրաբյանն ու ևս 4 հանրային գործիչ «Ընտրությունների վերահսկման կոմիտե» են հիմնել

Հիշեցնենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են հունիսի 20–ին։