Մուրադովը կգա Հայաստան. ինչ է քննարկվել Մոսկվայում գերիների վերադարձի վերաբերյալ. ԶԼՄ

Հայկական կողմից բանակցություններին մասնակցել են ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշակ Կարապետյանը և սահմանապահ զորքերի շտաբի պետ Արման Գասպարյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Մոսկվայում տեղի են ունեցել եռակողմ բանակցություններ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև՝ գերեվարված զինծառայողների հարցով: Սակայն երեկ՝ ուշ գիշերվա դրությամբ, դեռ որևէ դրական տեղաշարժի կամ նորության մասին հայտնի չէ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

«Դատական գործերս ավարտվեն, կգամ». ինչ է պատմել ընտանիքին Բաքվում պահվող լիբանանահայ գերին

Ըստ պարբերականի՝ այսօր Երևանում կլինի Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը, ում գլխավորությամբ էլ անցկացվում էին բանակցությունները և ով մի քանի օր ՌԴ-ում էր՝ հանդիպումը կազմակերպելու նպատակով: Հայկական կողմից բանակցություններին մասնակցել են ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշակ Կարապետյանը և սահմանապահ զորքերի շտաբի պետ Արման Գասպարյանը:

Ադրբեջանական կողմը ներկայացրել է արտաքին հետախուզության ղեկավար Օրխան Սուլթանովը, ՌԴ-ից՝ Մուրադովը, որն էլ, այսօր գալով Երեւան, մանրամասներ կհայտնի իրավիճակից:

Բանակցությունների առանցքում հատկապես այն վեց գերիների հարցն էր, որոնք գերեվարվել են ՀՀ ՊՆ զորամասի պահպանության տարածքից։ ՀՀ պահանջներից մեկը եղել է, որ վերջիններս անհապաղ վերադարձվեն հայրենիք: Թե ինչ է որոշվել բանակցությունների արդյունքում, դեռ պարզ չէ, նշում է «Ժողովուրդը»:

Տղամարդ լինելը գործով է ապացուցվում, որ քաղաքացիներդ գերի չընկնեն. Արա Աբրահամյան

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմում հրադադար հաստատելուց ի վեր Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 73 գերի։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է գերության մեջ մնալ մոտ 200 հայ, այդ թվում մայիսի 27-ի առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում գերեվարված ՀՀ 6 զինծառայողները։