ՀՀ իշխանությունը հույս ունի ԱԷԿ-ի շահագործման լիցենզիա ստանալ մինչև 2031թ.-ի համար

Հակոբ Վարդանյանի խոսքով` բացի ռուս մասնագետներից, ԱԷԿ-ում տարբեր տեխնոլոգիական աշխատանքներ է իրականացնում նաև չեխական մի ընկերություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik.Հայաստանի իշխանությունը հույս ունի, որ Միջուկային անվտանգության կարգավորող մարմինը Մեծամորի ԱԷԿ-ին շահագործման լիցենզիա կտա մինչև 2031 թվականի համար։ Ազգային ժողովի այսօրվա նիստում այդ մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։

«Գազպրոմ Արմենիան» գազի սակագնի վերանայման հայտ չի ներկայացրել

«Ատոմակայանի մասով այժմ աշխատանքներ են տարվում։ Պատրաստ է ԱԷԿ-ի գործունեության ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու հայեցակարգը, որը պետք է քննարկվի Ռուսաստանի հետ։ Կարծում եմ, որ կարգավորող մարմինը լիցենզիա կտա մինչև 2031 թվականը` պայմանով, որ 2026 թվականից հետո որոշակի աշխատանքներ կիրականացվեն, որոնց ցանկն արդեն պատրաստվում է»,–ասաց փոխնախարարը։

Նա նշեց, որ բացի ռուս մասնագետներից, ԱԷԿ-ում տարբեր տեխնոլոգիական աշխատանքներ է իրականացնում նաև չեխական «Skoda» ընկերությունը:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին հայկական ԱԷԿ-ում մեկնարկել է առանցքային պլանային-նախազգուշացնող վերանորոգումը (ՊՆՎ-2021)՝ կայանի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի շրջանակում։

Սա նշանակում է, որ հայկական ԱԷԿ-ի աշխատանքը կկանգնեցվի 141 օրով՝ սա ամենաերկարատև պլանային-նախազգուշացնող վերանորոգումն է նախագծի մեկնարկից ի վեր։

Ի դեպ, արդիականացումից հետո այն հնարավոր կլինի շահագործել առնվազն մինչև 2036 թվականը։

Նոր ատոմակայանի, նոր պղնձաձուլարանի ու երկաթուղու բացումը մեկ շղթայի օղակներ են. Փաշինյան