«Արգելման գոտի» ՆԱՏՕ-ի համար. ռուսական «Իսկանդերները» նոր հրթիռներ են ստացել

Sputnik

Ռուսաստանի զենքի առաջատար տեխնոլոգիաների զարգացումն ուղղված է պոտենցիալ ագրեսորների զսպմանը և խաղաղության պահպանմանը։ Կայունության ամրապնդման հուսալի գործիքներից մեկը մնում է «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը, որը ժամանակի ընթացքում մեծացնում է մարտական հնարավորությունները: Նոր կառավարվող սթելս-հրթիռները հավանական հակառակորդի համար գլխացավանք կդառնան:

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

«Իսկանդեր-Մ» բազմաթիրախային համակարգը ստացել է նոր, հակառակորդի ընդունիչների համար բոլորովին անտեսանելի բարձր ճշգրտությամբ աերոբալիստիկ հրթիռ, որը կառավարվում է ամբողջ թռիչքի ընթացքում, կարող է բարդագույն մանևրներ կատարել ու խոցել թիրախները մինչև 500 կմ հեռավորության վրա: Ստեղծվել է կառավարման ավելի կատարյալ համակարգ, կառուցվածքում լայնորեն կիրառվում են կոմպոզիտային նյութեր: Նոր անտեսանելի հրթիռը կանխատեսելի կերպով կպահպանի հածանավային արագությունը՝ ավելի քան 7500 կմ/ժամ (500 կմ՝ չորս րոպեում) ու մարտական մասի վերազինման հիմնական տարբերակները՝ բեկորային-ֆուգասային, կասետային ու հատուկ (միջուկային): Ավելի վաղ «Իսկանդերի» զինամթերքի շարքում եղել են աերոբալիստիկ հրթիռների հինգ տեսակ ու թևավոր հրթիռների երկու տեսակ:

«Արդեն սովորել ենք մեղադրանքներին». ՌԴ դեսպանը` Արցախում «Իսկանդերի» կիրառման մասին

Մայիսի 27-ին պաշտպանական թեմայով խորհրդակցություններից մեկի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է արտասահմանյան անալոգների նկատմամբ «Իսկանդեր» համալիրի տեխնոլոգիական ու մարտական գերազանցության մասին: ՆԱՏՕ-ի ստրատեգների վարկածով՝ «Իսկանդեր-Մ»-ը ռուսական զենքի ամենավտանգավոր տեսակների եռյակում է՝ C-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգի ու «Բաստիոն» առափնյա հրթիռային համալիրի հետ: Ընդ որում՝ «Իսկանդերը» մշտապես մեծացնում է մարտական հնարավորությունները, ստուգված է մարտական պայմաններում Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում: Փորձագետների կարծիքով՝ արդիականացման ներուժը թույլ կտա «Իսկանդերին» մինչև 2030 թվականը լավագույնը մնալ աշխարհում:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ից հայտնել էին «Իսկանդեր-Մ»-ի բոլոր տասը հրթիռային բրիգադների վերազինման ու ևս երեքի ձևավորման մասին: Ռուսական պաշտպանական արդյունաբերությունը տարեկան երկու բրիգադի հավաքածու է արտադրում: «Իսկանդեր-Է» համալիրի արտահանման տարբերակը (հեռավորությունը՝ մինչև 280 կմ) առկա է Հայաստանի ու Ալժիրի սպառազինության մեջ։

Մարտական հնարավորություններ

«Իսկանդերը» նախատեսված է հակառակորդի զորքերի առանձնահատուկ կարևոր օբյեկտների՝ հրամանատարական կետերի, զենիթային հրթիռների արձակման կայանքների ու միջուկային մարտագլխիկներով գործողության միջին շառավղով հրթիռների, օդանավակայանների, ռազմական նավերի և այլ թիրախների խոցման համար:

Ինչպես են թռչում, մանևրում և խոցում թիրախը․ ամեն ինչ «Իսկանդերի» մասին

«Իսկանդեր-Մ» բրիգադի կոմպլեկտը բաղկացած է 51 մեքենայից, ներառյալ 12 արձակման կայանքները, 12 տրանսպորտային-լիցքավորիչները, 11 հրամանատարաշտաբային ու 14 կենսաապահովման մեքենաները: Երկու րոպեի ընթացքում բրիգադը կարող է 24 հրթիռով (մինչև վերալիցքավորումը) հարված հասցնել, ուժեղացված բրիգադի համազարկը 32 հրթիռ է:

«Իսկանդերի» աէրոբալիստիկ հրթիռները (3.8 տոննա, 7.2 մ երկարություն) թռչում են քվազիբալիստիկ հետագծերով մինչև 50 կմ բարձրությունների վրա, թևավոր հրթիռները շարժվում են 6-7 մետր բարձրության վրա, ճկելով ռելիեֆը: Հաղթահարում են 500 կմ 4 րոպեում, շեղվելով նպատակից ոչ ավելի, քան 1 մետր: Փոքր ռեֆլեկտիվ մակերևույթն ու բարդ հետագիծը շանս չեն թողնում ՀՕՊ-ի բոլոր առկա և հեռանկարային համակարգերին: Հրթիռները կարող են ակտիվորեն մանևրել մինչև 30g ծանրաբեռնվածությամբ, դրանց հետագծերն անկանխատեսելի են։ «Իսկանդերի» հրթիռները որսալ գրեթե անհնար է։ Նման հատկություններ չունի աշխարհում ոչ մի օպերատիվ-մարտավարական հրթիռ։

«Իսկանդեր-Մ» հրթիռային բրիգադի կառավարման համակարգը հրթիռային հարվածների նախապատրաստման և կիրառման հիմնական գործընթացների ինտեգրման և ավտոմատացման հաշվին ապահովում է արդյունավետ մարտական կիրառություն: «Իսկանդեր-Մ»-ը զորքերի կառավարման ավտոմատացված համակարգի հետ ինտեգրման դեպքում կարող է իրական ժամանակի ռեժիմում նշանառություն ստանալ ավիացիայից, նավատորմից, հետախուզությունից, ԱԹՍ-ից ու հարվածներ հասցնել ծովային շարժական թիրախներին:

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն չեն կարող դիմադրել ռուսական Տու-22Մ3–ին. հատուկ խնդիր Սիրիայում

Ծովային թիրախների վրա «Իսկանդերների» առաջին կրակոցները տեղի են ունեցել Հարավային ռազմական օկրուգում 2020 թվականի ամռանը՝ որպես պատասխան հավանական հակառակորդի հարձակողական մարտավարության զարգացմանն ու Բալթյան և Սևծովյան տարածաշրջաններում ՆԱՏՕ-ի զորքերի դեսանտավորման տարբերակների մշակմանը: «Բալ» և «Բաստիոն» (համապատասխանաբար 260 կմ ու 350 կմ հեռահարությամբ) առափնյա համալիրների հետ մարտական ինտեգրման մեջ ավելի հզոր «Իսկանդերը» կարող է ամրապնդել ափերի էշելոնացված պաշտպանությունը, անառիկ դարձնել երկրի ծովային սահմանները: Նշենք, որ Կալինինգրադի մարզում մշտական հիմունքներով «Իսկանդեր-Մ» բրիգադի տեղակայումը կապված է բալթյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվության աճի հետ։ Դա Ռուսաստանի արձագանքն է «գործընկերների» ագրեսիվ նախապատրաստություններին:

Թերարժեքության բարդույթ

«Իսկանդերներով» տասը հրթիռային բրիգադները կարող են բարձր ճշգրտությամբ գրեթե 300  հրթիռներով համազարկ տալ և այն կրկնել արձակման կայանքների օպերատիվ վերալիցքավորումից հետո: Այդ հզոր զենքը նախատեսված չէ ագրեսիայի համար, բայց այնուամենայնիվ, մշտապես նյարդայնացնում է ՆԱՏՕ-ին։ «Իսկանդեր-Մ»-ը գերազանցում է արտասահմանյան լավագույն անալոգներին (Lance, ATACMS, Pluton) հրթիռների գործարկմանը նախապատրաստվելու ճշգրտությամբ, օպերատիվությամբ և այլ բնութագրերով։ Իսկ ԱՄՆ-ում հրաժարվել են այդ համակարգի սեփական անալոգից, քանի որ պարզապես չեն կարողացել մշակել այն։

«Իսկանդեր-Մ» համալիրի գլխավոր առավելություններն են ռազմավարական շարժունակությունը, մարտական հերթապահության և հարվածներ հասցնելու գաղտնիությունը, թռիչքային առաջադրանքի ավտոմատ հաշվարկն ու ներմուծումը, մարտական խնդրի կատարման բարձր հավանականությունը կրակային և ռադիոէլեկտրոնային հակազդեցության պայմաններում։ Դա անլուծելի խնդիր է ցանկացած ագրեսորի համար:

Ռուսաստանը ռազմական ծախսերի գծով առաջին հնգյակում է. միտումները` աշխարհում և ԱՊՀ–ում

ՆԱՏՕ-ի դոկտրինի համաձայն՝ «Իսկանդեր-Մ»-ը A2/AD (anti-access and area denial) «մուտքի արգելման գոտի» ստեղծելու միջոց է, դաշինքի ուժերը չեն կարող գործել խոցման շառավղով (500 կմ)՝ առանց «անընդունելի վնաս» ստանալու ռիսկի: Եվ մարտավարական միջուկային հարվածի հավանականությունն էլ ավելի է հուսահատեցնում «գործընկերներին»։

Միաժամանակ ԱՄՆ ՌՕՈւ-ի ռազմավարական ռմբակոծիչների պլանային թռիչքները Բալթիկայի վրայով և ուսումնական ռմբակոծությունները Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող մերձբալթյան զորավարժարաններում առօրեական են դարձել:

ԱՄՆ-ում ոչ ռազմավարական են անվանում 5500 կիլոմետրից պակաս խոցման հեռահարություն ունեցող միջուկային զենքը (տրամաբանությունը հասկանալի է. եթե օվկիանոսով չի անցնում, ուրեմն մարտավարական է), բայց եվրոպական դաշնակիցներին դա առանձնապես չի մխիթարում։