ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Զոհված զինծառայողների դիերն ու մասունքները պոլիէթիլենային պարկերով նկուղներում թողնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը` ֆեյսբուքյան իր էջում գրառում անելով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հասարակության շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցերում հրապարակված լուսանկարը, որում երևում է, որ Աբովյանի դիահերձարանում զինծառայողների մասունքները պարկերով նետված են գետնին։
Քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Դեպքի կապակցությամբ նյութեր սկսել են նախապատրաստվել դրա վերաբերյալ տեղեկատվությունն ստանալուց անմիջապես հետո՝ մայիսի 31-ից:
«Զոհված զինծառայողների դիերով ու մասունքներով նշված պարկերից 6-ը նկուղային հարկից տեղափոխվել են Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում առկա սառնարաններ, իսկ մյուսները՝ Գեղարքունիքի մարզի Մարտունու դիահերձարան»,–նշված է գրառման մեջ։
Համակարգում քաոս է. Մարուքյանը` սպանությունների ու աճյունների հետ կապված սկանդալի մասին
Հիշեցնենք, որ դեպքի առնչությամբ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրկված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից: ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն: