Զինվորների աճյունների աղմուկից հետո Դատաբժշկականի Աբովյանի մասնաճյուղի վարիչը հեռացվել է

Աշխատանքից ազատվել են նաև Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի 2 աշխատակից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրկված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից: Տեղեկությունը հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Տեղեկացվում է, որ ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն:

Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է քննություն` դիերի պահման պայմանների առնչությամբ

Նշենք, որ հասարակության շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց սոցցանցերում հրապարակված լուսանկարը, որտեղ երևում էր, որ Աբովյանի դիահերձարանում պոլիեթիլենային պարկերով զինծառայողների մասունքներ են նետված գետնին։

Անհետ կորած զինվորների հարազատները փակել էին Հերացի փողոցը։ Նրանց խոսքով` մի քանի հարյուր դիեր կան, որոնք թաքցրել են հասարակությունից` պահելով մրգերի սառնարաններում։

Հունիսի 1–ին առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներողություն խնդրեց կատարվածի համար և նշեց, որ դա իր բացթողումն է եղել։