ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik.Sputnik Արմենիայի տեղեկություններով` այսօր Երևանի Աբովյան փողոցում սպանվածը քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի մտերիմներից է, անունը` Հովո։ Նա ևս քրեական հեղինակություն է, Գեղարքունիքի մարզի Հացառատ գյուղից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում` «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, ինչի հետևանքով տղամարդ է սպանվել։ Դեպքի վայրում հայտնաբերվել է սպանվածին պատկանող, ռուսական համարանիշներով «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան, նրա կողքին էլ՝ մեկ այլ՝ ռուսական համարանիշներով «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` ավտոմեքենայում ինչ-որ գործարար է եղել, որն այս պահին ոստիկանությունում է։
Այս պահին մեծ թվով ոստիկաններ ու քննիչներ են գտնվում դեպքի վայրում։ Այնտեղ է նաև ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։
Հիշեցնենք` ընդամենը երկու օր առաջ` մայիսի 31-ին, Արմավիրի մարզի Մարգարա-Զվարթնոց ավտոճանապարհին սպանվել էր նաև Դոն Պիպոյի եղբայրը։