Երևանի կենտրոնում սպանված տղամարդը 50 տարեկան է. քրգործ է հարուցվել 2 հոդվածով

«Մոսկվա» կինոթատրոնի մոտ սպանություն իրագործած անձի ինքնությունը դեռ հայտնի չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Երևանի կենտրոնում` «Մոսկվա» կինոթատրոնի մոտ սպանված տղամարդը Գավառ քաղաքի բնակիչ է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Սպանություն օրը ցերեկով՝ մայրաքաղաքի կենտրոնում. ուշագրավ կադրեր սպանության վայրից

Ըստ հաղորդագրության` իրավապահները սպանության մասին ահազանգը ստացել են այսօր` ժամը 10:58-ին։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և Երևան քաղաքի Աբովյան 7 հասցեի դիմաց՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, հայտնաբերել տղամարդու դի՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու հատկանիշներով:

«ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է հրազենային մահացու վիրավորում ստացած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Գավառ քաղաքի բնակիչ՝ ծնված 1971թ.»,– տեղեկացնում է ՔԿ–ն:

Կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է կրակված պարկուճ, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են դեպքին ականատես մի շարք վկաներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաձգաբանական, դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ:

Ի՞նչ էր կատարվում Աբովյան փողոցում սպանությունից հետո. տեսանյութ

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սպանության վայրում հայտնաբերվել է սպանվածին պատկանող, ռուսական համարանիշներով «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան, նրա կողքին էլ՝ մեկ այլ՝ ռուսական համարանիշներով «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա։ 

Sputnik Արմենիայի տեղեկություններով`սպանվածը քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի մտերիմներից է, անունը` Հովհաննես։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրի փոխանցմամբ` սպանված տղամարդը գործարար Ռաֆայել Մարդոյանի` Քյավառցի Ռաֆոյի թիկնապահն էր։ Մարդասպանի թիրախը եղել է ոչ թե նա, այլ Քյավառցի Ռաֆոն, որը գտնվել է զրահապատ մեքենայում: