ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Անաստասիա Լիտվինովան ուկրաինուհի է: Գյումրիում առաջին անգամ է, բայց ասում է` այնքան է սիրել այս քաղաքը, որ ոչ միայն ծնողներին, այլ նաև ընկերներին է խորհուրդ տվել գալ ու ճանաչել Գյումրին:
«Տեսնելու շատ բան կա այս քաղաքում՝ գեղեցիկ ճարտարապետություն ունի, հետաքրքիր քաղաքային դիմագիծ ու հրաշալի, հյուրասեր մարդիկ, ինչը հիմա շատ քիչ է պատահում: Նրանք միշտ պատրաստ են օգնության հասնել»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Անաստասիան։ Նա արդեն հասցրել է նաև մասամբ ծանոթանալ հայկական խոհանոցին, փաստում է՝ գաստրոտուրիզմի համար ևս քաղաքը ինքնատիպ է: Գյումրի այցելած հյուրերին Անաստասիան խորհուրդ է տալիս անպայման այցելել «Սև բերդ», լինել քաղաքի կենտրոնում՝ ծանոթանալ եկեղեցիներին ու թանգարաններին: Շատ է հավանել նաև «Ասլամազյան քույրերի պատկերասրահը»:
Գյումրիում զբոսաշրջային ակտիվությունը աճում է հատկապես շաբաթ և կիրակի օրերին. դա պայմանավորված է ներգնա տուրիզմով: Հումորի մայրաքաղաք այցելողները հանրապետության տարբեր մարզերից են: Դպրոցականներ, ուսանողներ, կամ պարզապես մարդիկ, ովքեր մինչ այս չէին եղել մշակութային քաղաքում ու հիմա փորձում են իրենց համար բացահայտել Գյումրու գեղեցկությունը: Նրանց համար հիմնական հետաքրքրությունը քաղաքի թանգարաններն ու «Կումայրի» արգելոցի շենք-շինություններն են:
Հնարավոր է` Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքների վագոնների քանակն ավելանա. ՀԿԵ
Բացի հայստանցիներից, համավարակից հետո Գյուրիում շատացել են ռուս և ուկրաինացի զբոսաշրջիկները:
«Ուրախալի է, որ ոչ միայն մարզերից են գալիս, այլ նաև Ռուսաստանից են այցերը շատանում: Մինչ համավարակը Գյումրի այցելող զբոսաշրջիկների 60-70 տոկոսը ՌԴ-ից էին, հիմա էլ կամաց-կամաց մոտենում ենք այդ թվերին»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է զբոսավար Հովհաննես Ֆրանգուլյանը:
Գյումրի մեկ անգամ այցելած հյուրերը ցանկություն են հայտնում վերադառնալ. «Իմ պրակտիկայում էլ է պատահել` մեկ անգամ եկել են, հավանել այս քաղաքը, հետո արդեն ավելի մեծ խմբով եկել կամ էլ իրենց ընկերներին ուղարկել»,-պատմում է Հովհաննեսը՝ չմոռանալով շեշտել քաղաքի այն հիմնական խնդիրները, որոնց բախվում են հյուրերը: Հասարակական զուգարանների բացակայությունը Գյումրիում լուրջ խնդիր է, դրա մասին բարձրաձայնում են բոլորը։ Եթե չհաշվենք ռեստորանները, ապա նաև զվարճանքի վայրերի պակաս կա։ «Մեկ կամ երկու տեղ առաջարկես, բայց դա քիչ է. երեկոյան ժամերի համար ժամանցի վայրերը քաղաքում քիչ են»,-հավելում է Հովհաննեսը:
Եկեղեցիներ, թանգարաններ, քաղաքի հին թաղամասեր այցելելուց հետո, հյուրերը փորձում են վայելել գյումրվա ճաշատեսակներ, այցելում սրճարաններ կամ ռեստորաններ:
Գյումրու հաստատություններից մեկի տնօրեն Կարեն Հարությունյանն ասում է, որ վերջին ամիսներին քաղաք այցելած հյուրերի դրական դինամիկան թև է տալիս էլ ավելի լավ աշխատելու ու նորամուծություններ մտցնելու, թարմացումներ՝ ինչպես հայկական ճաշատեսակների, այնպես էլ ընդհանուր մենյուի մեջ, քանի որ տուրիստական ամրագրումներ արդեն շատ ունեն ու դեռ սպասում են։
«Շատ տուրիստներ այնքան հաճախ են այցելում, որ արդեն «հարազատ հաճախորդներ» կարգավիճակ են ստացել»,-կատակում է Կարեն Հարությունյանը:
Զբոսաշրջիկների հոսքը Գյումրի, անշուշտ ուրախացնող է. քաղաքում նորից ակտիվ շարժ է զգացվում, ինչը նաև ստիպում է ռեստորանային համալիրներին, սրճարաններին , ժամանցային վայրերին ավելի ակտիվ լինել ու հետաքրքիր նորամուծություններ առաջարկել, բարելավել ծառայությունների որակը: