Պետական համակարգում աշխատավարձերն ու պարգևավճարները կազմել են միջինը 360 000 դրամ

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարը կարծում է, որ պետական կառավարման մոդելը պետք է լինի պետական ծառայողի կատարած աշխատանքին համարժեք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. ՀՀ պետական կառավարման համակարգում ամսական աշխատավարձերի ու պարգևավճարների միջին ցուցանիշը 2020թ–ին կազմել է 360 000 դրամ։ Այսօր Ազգային ժողովում այդ մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը` պատասխանելով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի` պարգևավճարների մասին հարցին։

Ներդրումային ի՞նչ ծրագրեր են հետաքրքրում ռուսական բիզնեսին Հայաստանում

Իսկ թե պետական կառավարման համակարգի քանի աշխատակից որքան աշխատավարձ ու որքան պարգևավճար է ստացել, նախարարի պաշտոնակատարը չհնչեցրեց։

«Մինչև 2019թ–ը մենք ունեինք զարգացման տարբեր փուլերում ձևավորված վարձատրության ոչ միասնական համակարգ։ Օրինակ` կար ֆինանսների նախարարություն, որտեղ մոտավորապես 20 տարի բյուջեի մասին օրենքով նախատեսվում էր պարգևատրման համար առանձին տող, և կային պետական մարմիններ, որոնք չունեին պարգևատրման համար առանձին նախատեսված ֆոնդեր»,– ասաց Ջանջուղազյանը։

Բացի այդ, պետական մարմիններն ունեին արտաբյուջետային հաշիվներ։ Օրինակ` ֆինանսների նախարարության կամ ՊԵԿ–ի աշխատողին լրացուցիչ հատուցում էր հատկացվում ֆինանսական բացահայտումների համար` որպես աշխատանքի մոտիվացիա։ Նույն նպատակով ճանապարհային ոստիկանության ծառայողներին խախտումներ արձանագրելու համար պարգևատրման սխեմա է ներդրվել։

Ճգնաժամային տարվա բյուջեն 89 %-ով ապահովել են ՀՀ հարկատուները

«Բայց ամբողջ խնդիրն այն է, որ համակարգը միասնական չէր։ Կային մարմիններ, որտեղ պարգևատրման չափը X չափի էր, մեկ այլ տեղ` Y չափի։ Իսկ կային մարմիններ, որտեղ ընդհանրապես հատուցման որևէ հնարավորություն չկար»,– ասաց Ջանջուղազյանը` հավելելով, որ 2019-ին ԱԺ–ի կողմից արտաբյուջետային հաշիվների դադարեցման շնորհիվ այս իրավիճակը փոխվեց։ Այսօր, ըստ նրա, մոտեցումը միասնական է` անկախ այն հանգամանքից, թե պետական ծառայողը ՃՈ–ի, ՊԵԿ–ի, թե այլ կառույցի աշխատակից է։

Աբսուրդ է, որ խոշոր ընկերությունների աշխատուժի 70%-ն ի սկզբանե ձևակերպված չլիներ. Մակարյան

Իսկ ապագայի համար պետական կառավարման մոդելը, ըստ Ջանջուղազյանի պետք է լինի պետական ծառայողի կատարած աշխատանքին համարժեք։ Նրա խոսքով` միայն նրա համար, որ մարդը ներկայանում է աշխատավայր, նա չպիտի վարձատրվի, այլ պետք է վարձատրվի կատարած աշխատանքին համարժեք։

Նշենք, որ այսօր ՀՀ–ում գործող օրենսդրական կարգավորմամբ` պետական համակարգի ամսական պարգևավճարի չափը չպիտի գերազանցի պետաշխատողի ամսական աշխատավարձի 30 տոկոսը։

Ջանջուղազյանը բացատրեց` ինչու է ավելացել պետական պարտքը