ՄԱԿ-ը 5 տարվա ընթացքում ՀՀ–ին 230 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն կցուցաբերի

Համաձայնագրի նպատակն է բարելավել մարդկանց բարեկեցությունն ու հնարավորությունները, նպաստել տնտեսական «կանաչ» բարեփոխումներին, ամրապնդել արդյունավետ կառավարման համակարգը և խթանել գենդերային հավասարությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի -Sputnik. Կառավարությունում փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը ստորագրել են «Հայաստանի համար ՄԱԿ Կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թվականների շրջանակ» փաստաթուղթը: Տեղեկությունը հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

«Զարգացման ազգային առաջնահերթությունների հիման վրա մշակված համաձայնագիրը ամփոփում է ՄԱԿ-ի՝ Հայաստանում գործող և ոչ ռեզիդենտ 20 կառույցների հավաքական առաջարկը երկրին, որով ՄԱԿ-ը 230 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսական աջակցություն է հայտնում՝ ի շահ հայ ժողովրդի»,–ասված է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի նախագահը խոսում է ուժի ու սպառնալիքի լեզվով. ՄԻՊ-ը նամակներ է ուղարկել ԵԱՀԿ, ՄԱԿ

«Այսօր ստորագրվող փաստաթղթի շնորհիվ, կարծում եմ, մենք առավել կկենտրոնացնենք մեր համատեղ ջանքերը ՄԱԿ-ի 2030 կայուն զարգացման օրակարգը կենսագործելու ուղղությամբ»,–ասել է փոխվարչապետի պաշտոնակատարը:

 Մհեր Գրիգորյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի կողմից ստորագրված Գործընկերության շրջանակը ՄԱԿ-ի ռազմավարական կարևորագույն փաստաթուղթն է, որը սահմանում է Հայաստանում գործող ՄԱԿ-ի բոլոր կառույցների աշխատանքը առաջիկա հինգ տարիների ընթացքում:

«Մենք համոզված ենք, որ մեր գործընկերների հետ համատեղ ջանքերով կարևոր ներդրում կունենանք համավարակի և հակամարտության կրկնակի ճգնաժամի ժամանակահատվածում՝ օգնելով երկրին առաջ շարժվել դեպի ավելի լուսավոր, խաղաղ և բարեկեցիկ Հայաստան: Այս համաձայնագիրը սահմանում է Հայաստանում ՄԱԿ-ի բոլոր գործակալությունների հավակնոտ և հավաքական տեսլականը, որի նպատակն է բարելավել մարդկանց բարեկեցությունն ու հնարավորությունները, նպաստել տնտեսական «կանաչ» բարեփոխումներին, ամրապնդել արդյունավետ կառավարման համակարգը և խթանել գենդերային հավասարությունը՝ չանտեսելով ոչ մեկին»,– ընդգծեց պարոն Շարփը:

Փաշինյանը բացատրեց, թե երբ Հայաստանը կարող է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

Գործընկերության շրջանակը 14 ամիս տևած խորհրդակցությունների գործընթացի արդյունք է, որն իրականացվել է Հայաստանի կառավարության, ազգային այլ գործընկերների հետ, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, միջազգային ֆինանսական հաստատությունների, միջազգային գործընկերների, մասնավոր հատվածի, գիտական շրջանակի և միջազգային ՀԿ-ների հետ: Այն նաև արտացոլում է Հայաստանում ապրող մարդկանց կարծիքը, որ հավաքագրվել է ՄԱԿ-75 գլոբալ հետազոտության միջոցով: Գործընկերության շրջանակն արտացոլում է նաև ՔՈՎԻԴ-19 համավարակի և Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ հակամարտության հետևանքների հաղթահարմանն ուղղված արձագանքման միջոցառումները։