ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. 2020թ–ի ՀՀ պետական բյուջեի եկամուտների 89 %-ը կազմել են հարկային մուտքեր ու պետական տուրքերը։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։
«Եկամուտների 7.8 տոկոսը կազմել են այլ եկամուտները և շուրջ 3.4 տոկոսը` պաշտոնական դրամաշնորհները»,– ասաց նա։
Ընդ որում, հարկերի թվում առաջին տեղում ավելացված արժեքի հարկն է, որից մուտքերը կազմել են 472 մլրդ դրամ, երկրորդ տեղում եկամտահարկն է, որի արդյունքում բյուջեն համալրվել է 412 մլրդ դրամով և որն ապահովել է բյուջետային մուտքերի 30 տոկոսը։ Իսկ երրորդ տեղում շահութահարկի մուտքերն են, որոնցով բյուջեն ավելացել է շուրջ 140 մլրդ դրամով։
Նշենք, որ արդեն երկրորդ օրն է, ինչ ՀՀ ԱԺ–ում քննարկվում է 2020թ–ի ՀՀ պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը։