ՀՀ զինված ուժերը Ադրբեջանի սահմանը չեն հատել. ՊՆ–ն պատասխանել է Ադրբեջանին

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ–ի տարածած հայտարարությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի– Sputnik.ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվութունն է տարածել, ըստ որի՝ հունիսի 1-ի երեկոյան 40 հայ զինծառայող հատել է Ադրբեջանի սահմանը, ինչից հետո Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները «ստիպել են նրանց վերադառնալ ելման դիրքեր»։

«Ակնհայտ է, որ նմանատիպ ապատեղեկատվությունն ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը շրջանառության մեջ է դնում ՀՀ զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը սրելու փորձերի վերաբերյալ միջազգային հանրության շրջանում տպավորություն ստեղծելու, և Ադրբեջանի ԶՈՒ կողմից մայիսի 12-ին և 13-ին Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցելու սադրանքը հակակշռելու նպատակով»,– նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ո՛չ հունիսի 1-ին և ո՛չ էլ դրան նախորդող օրերին Ադրբեջանի Հանրապետության սահմանը չեն հատել, և դրա վերաբերյալ բոլոր պնդումներն այդ երկրի պաշտպանական գերատեսչության կողմից տարածվող ապատեղեկատվություն են, որի ծավալը վերջին շրջանում էապես ավելացել է։

Ամեն ինչ արվում է, որ ՀՀ սահմաններին առկա վիճակը պատերազմի չվերածվի. Չոբանյան

Մասնավորապես՝ օրեր առաջ էլ Ադրբեջանի ՊՆ-ն պնդում էր, թե հայկական կողմը կրակ է բացել ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ Շուշիի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա, ինչը հերքվեց, համապատասխանաբար՝ Հայաստանի պաշտպանական գերատեսչության և Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հրամանատարության կողմից։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

ԽՍՀՄ տարիներին ադրբեջանցիները զավթում էին հայերի հողերը, ապա դարձնում քննարկման առարկա

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։