Համակարգում քաոս է. Մարուքյանը` սպանությունների ու աճյունների հետ կապված սկանդալի մասին

«Լուսավոր Հայաստանի» առաջնորդի կարծիքով` պետական հաստատություններից շատերն ու պաշտոնատար անձինք սպասում են ընտրությունների արդյունքներին, նրանք գործնականում չեն աշխատում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ եւ նույնանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանի պետական կառավարման մարմինները քաոսի մեջ են, պետական համակարգը փաստացի դադարել է աշխատել, և այդ քաոսի հետևանքները երևում են նաև մի շարք աղմկահարույց սպանությունների օրինակով։

Ի՞նչ էր կատարվում Աբովյան փողոցում սպանությունից հետո. տեսանյութ

«Մենք տեսնում ենք, որ պետական համակարգը չի աշխատում։ Տարբեր ոլորտներում դա տարբեր կերպ է արտահայտվում։ Առողջապահության ոլորտում դա զոհված զինծառայողների աճյունների պատմությունն է, իրավապահ ոլորտում ՝ Երևանի կենտրոնում օրը ցերեկով մարդ սպանելը», – ասաց Մարուքյանը։

Նրա խոսքով՝ արտահերթ ընտրությունների նախաշեմին պետական կառույցներն ու պաշտոնյաները սպասողական դիրքորոշում են որդեգրել։ Նրանք սպասում են ընտրությունների արդյունքներին, որպեսզի հասկանան, թե ինչ պետք է անեն իրենք։ Նման խառնաշփոթի և անգործության պայմաններում կարող է ամեն ինչ տեղի ունենալ, այդ թվում` սպանություններ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում` «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, ինչի հետևանքով տղամարդ է սպանվել։ Դեպքի վայրում հայտնաբերվել է սպանվածին պատկանող, ռուսական համարանիշներով «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան, նրա կողքին էլ՝ մեկ այլ՝ ռուսական համարանիշներով «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա։ 

Sputnik Արմենիայի տեղեկություններով`սպանվածը քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի մտերիմներից է, անունը` Հովո։ Նա Գեղարքունիքի մարզի Հացառատ գյուղից է։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրի փոխանցմամբ` սպանված տղամարդը գործարար Ռաֆայել Մարդոյանի` Քյավառցի Ռաֆոյի թիկնապահն էր։ Մարդասպանի թիրախը եղել է ոչ թե նա, այլ Քյավառցի Ռաֆոն, որը գտնվել է զրահապատ մեքենայում: