ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Դատախազությունն ընտրական հանցավոր իրավախախտումների մասին 24 ահազանգ-հաղորդում է ստացել, որոնցից 5-ով նախապատրաստվում են նյութեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը` ամփոփելով դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի մինչ այս կատարած աշխատանքները։
«Մասնավորապես, ուսումնասիրվել է ենթադրյալ ընտրական հանցագործությունների վերաբերյալ ԶԼՄ 3 հրապարակում, ֆիզիկական անձի կողմից գլխավոր դատախազին հասցեագրված 17 դիմում, սոցցանցերում քաղաքացիների կողմից կատարված 19 գրառում։ Նշվածներից 19-ով առկա տվյալները եղել են վերացական, և ոստիկանությանը հանձնարարվել է կատարել ստուգողական գործողություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։
5 դեպքով ելնելով կատարված ստուգողական աշխատանքների արդյունքներից` քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ (Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը և դրանց քննարկման արդյունքում ընդունվող որոշումները) հոդվածների կարգով նախապատրաստվում են նյութեր:
Ի դեպ, ուսումնասիրված առերևույթ հանցավոր իրավախախտումների մասին վերոնշյալ ահազանգերից 19-ը վերաբերում են ընտրակաշառք տալուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդված), 5-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 3-րդ կետ):
Նաիրա Զոհրաբյանն ու ևս 4 հանրային գործիչ «Ընտրությունների վերահսկման կոմիտե» են հիմնել
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունում գործարկվել է թեժ գիծ՝ (010) 511 - 999 հեռախոսահամարով: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 20-ին։