Բանակցություններ են կայանալու Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև. «Հրապարակ»

Հայտնի է, թե Հայաստանից, Ռուսաստանից և Ադրբեջանից ովքեր են մասնակցելու սահմանային հարցով քննարկմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի -Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է, որ վաղը Ռուսաստանի մայրաքաղաքում նախատեսվում են բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև՝ սահմանային գոտում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ, որտեղ կանդրադառնան Հայաստան ներխուժած ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցին: Տեղեկությունը թերթին հայտնել են Մոսկվայից իրենց աղբյուրները։

«Հայկական կողմից բանակցություններին կմասնակցեն Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշակ Կարապետյանը և սահմանապահ զորքերի շտաբի պետ Արման Գասպարյանը: Ադրբեջանական կողմը կներկայացնի արտաքին հետախուզության ղեկավար Օրխան Սուլթանովը»,–գրում է թերթը:

Ադրբեջանի նախագահը խոսում է ուժի ու սպառնալիքի լեզվով. ՄԻՊ-ը նամակներ է ուղարկել ԵԱՀԿ, ՄԱԿ

Նրանց տվյալներով` Ռուսաստանի կողմից մասնակցում է Ռուստամ Մուրադովը, որը մի քանի օր է Մոսկվայում է հենց այդ նպատակով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով:

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Գերեվարված հայ զինծառայողները գտնվել են ՀՀ տարածքում. ՊՆ-ն քարտեզ է ներկայացրել

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։