«Ամոթ է, Անահիտ Ավանեսյանը պետք է հրաժարական տա». բողոքի ակցիա` նախարարության առջև

«Անահիտ, իջիր» վանկարկումներով երիտասարդները պահանջում են, որպեսզի Ավանեսյանն իջնի ու պատասխան տա մի շարք հարցերի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Առողջապահության նախարարության առջև այս պահին բողոքի ակցիա է ընթանում։ Մի խումբ երիտասարդներ` ՀՅԴ երիտասարդական միության կազմակերպմամբ, պահանջում են ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի հրաժարականը։ Պատճառը զոհված զինծառայողների դիերի և մասունքների` պարկերում պահելու մեծ աղմուկ բարձրացրած դեպքն է։

Մայր աթոռը խստագույնս դատապարտել է զոհվածների աճյունների հանդեպ վերաբերմունքը

«Եթե մի փոքր մարդկային արժեք մնացել է նրանց մեջ, ապա Ավանեսյանը պետք է հրաժարական տա և հեռանա»,–հայտարարեց բողոքի ակցիա անող երիտասարդներից մեկը։

«Անահիտ, իջիր» վանկարկումներով երիտասարդները պահանջում են, որպեսզի Ավանեսյանն իջնի ու պատասխան տա մի շարք հարցերի։

Մեկ ուրիշ երիտասարդ էլ նշեց, որ պետք է պատասխանատվություն կրեն այն ամենի համար, ինչ իրենք են արել կամ էլ պետք է տան նրանց անունները, որոնք մեղավոր են։ «Ամոթ է։ Դուք եք արժանի այդ տոպրակներին»,–ասաց երիտասարդը։

Նշենք, որ այս պահին բողոքի ակցիան շարունակվում է։

Նշենք, որ հասարակության շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց սոցցանցերում հրապարակված լուսանկարը, որտեղ երևում էր, որ Աբովյանի դիահերձարանում պոլիեթիլենային պարկերով զինծառայողների մասունքներ են նետված գետնին։

Զինվորների աճյունների աղմուկից հետո Դատաբժշկականի Աբովյանի մասնաճյուղի վարիչը հեռացվել է

Անհետ կորած զինվորների հարազատները փակել էին Հերացի փողոցը։ Նրանց խոսքով` մի քանի հարյուր դիեր կան, որոնք թաքցրել են հասարակությունից` պահելով մրգերի սառնարաններում։

Հունիսի 1–ին առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներողություն խնդրեց կատարվածի համար և նշեց, որ դա իր բացթողումն է եղել։