«Ալիևին կրածը պարտվածի հետ ինչի՞ շուրջ բանավիճի». Փաշինյանին մերժեց նաև «Հայաստանը»

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ դերակատար քաղաքական ուժերը Նիկոլ Փաշինյանի հետ որևէ բան չեն ուզում քննարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. «Հայաստան» դաշինքը հստակ հայտարարում է, որ չի պատրաստվում դավաճանի հետ բանավիճել։ «Հայաստան» դաշինքի անդամների ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի ցուցակի 2-րդ տեղը զբաղեցնող Իշխան Սաղաթելյանը։

«Մասնակցելու ենք և կրելու ենք». Քոչարյանը կմասնակցի արտահերթ ընտրություններին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 31-ին ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին ընտրություններից առաջ հրավիրել էր ուղիղ եթերով բանավեճի։

«Մենք դավաճանի հետ քննարկելու ոչինչ չունենք, այլ ունենք մեկ օրակարգ` քշել այս չարիքի իշխանությունը»,–ասաց Սաղաթելյանը։

Նրա խոսքով` կարևոր արձանագրում եղավ օրերս` մի քանի կուսակցությունների կամ դաշինքների առաջին համարներ նույնպես հստակ հայտարարեցին այս մասին, ինչը նշանակում է, որ Փաշինյանի հետ դերակատար քաղաքական ուժերը որևէ բան չեն ուզում քննարկել։

Փաշինյանը Տեր-Պետրոսյանին և Քոչարյանին հրավիրում է ուղիղ եթերով բանավեճի

«Ալիևին կրածը գնա Ալիևին պարտվածի հետ ինչի՞ շուրջ բանավիճի։ Փաշինյանն ունի թեկնածուներ բանավիճելու` Արման Բաբաջանյանը և այլն, թող գնան իրենք իրենց հետ բանավիճեն»,–հավելեց Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանն էլ իր հերթին հայտնել էր, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը չի պատրաստվում Փաշինյանի հետ բանավեճի գնալ։