ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Այսօր` հունիսի 1–ին, ՀՀ կառավարության շենքի առջև մի քանի տասնյակ մարդիկ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ոստիկանության հետ քաշքշուկ է սկսվել, մարդիկ են բերման ենթարկվել։
«Բերման է ենթարկվել 16 քաղաքացի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182–րդ հոդվածի խախտման հետևանքով (ոստիկանի պահանջը չկատարելը)», - Sputnik Արմենիային ասացին ոստիկանությունից։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ սկսվեցին։
Ներքաղաքական իրավիճակը սրվեց, երբ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` նշելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։
Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Երկրի ընդդիմությունը պարբերաբար բողոքի ակցիաներ էր կազմակերպում` Նիկոլ Փաշինյանից պահանջելով հեռանալ երկրի ղեկավարի պաշտոնից։
Փաշինյանն ի վերջո տեղի տվեց և որոշվեց` հունիսի 20–ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են կազմակերպվելու։ Կառավարության ղեկավարն ու անդամները դրանից հետո օրենքով սահմանված կարգով հրաժարական ներկայացրին և այժմ իրենց պաշտոններում աշխատում են որպես ժամանակավոր պաշտոնակատարներ։