Պուտինն ու Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր նշում է իր ծննդյան 46–ամյակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են  է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: Տեղեկություն հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

«Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները շատ հաջող են զարգանում: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հետայսու ևս հնարավորինս կամրապնդենք երկկողմ դաշնակցային հարաբերությունները՝ ի նպաստ մեր բարեկամական ժողովուրդների, ի շահ Անդրկովկասյան տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդման»,–ասված է Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում։

Ռուսաստանը Հայաստանի անվտանգության գլխավոր գործընկերն է․ Փաշինյան

Նա Փաշինյանին քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություն է մաղթել։

Միշուստինը Փաշինյանին շնորհավորել է ՌԴ կառավարության և անձամբ իր անունից։

«Կցանկանայի հատուկ նշել Ձեր անձնական նշանակալի ներդրումը ռուս-հայկական բարեկամական, գործընկերային և դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում։ Առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և հումանիտար համագործակցությունը դինամիկ զարգանում է, տարբեր ոլորտներում հաջողությամբ իրականացվում են համատեղ խոշոր նախագծեր»,–ասված է ՌԴ վարչապետի շնորհավորական ուղերձում։

Նա նշել է, որ կառավարությունների միջև ակտիվ աշխատանքը կնպաստի երկկողմ փոխգործակցության հետագա ընդլայնմանը: Բարենպաստ պայմաններ կստեղծի Եվրասիական տնտեսական միության և Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակում ինտեգրացիայի խորացման համար։ «Սա լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության շահերին»,–ընդգծել է նա:

Ռուսաստանի սահմանապահ զորքերն ընդլայնում են իրենց ներկայությունը Սյունիքում. ՌԴ դեսպան

Միշուստինը Փաշինյանին քաջառողջություն, բարեկեցություն և նոր հաջողություններ է մաղթել: