Մասիսի աղբավայրի մասին խոսում էին 10 օր շարունակ՝ հրդեհը մարելուն զուգընթաց։ Եվ ահա, հրդեհը մարված է, միայն թե խնդիրները լուծված չեն։ Սարսափելի գարշահոտությանն ավելացել է խանձված աղբի հոտը։ Sputnik Արմենիայի թղթակիցները մեկնել են դեպքի վայր և փորձել են գլուխ հանել իրավիճակից։
Արագիլների ճիչերը, վեր բարձրացող գիշանգղերը, խանձվածի հոտը, փողոցային շների ոհմակն ու բազմամյա աղբը փորփրող մարդիկ՝ ահա թե ինչն է առաջինը աչքի զարնում, երբ հայտնվում ես Մասիսի աղբավայրի տարածքում։ Օրը քամոտ է։ Պոլիէթիլենային տոպրակները խճճվում են ոտքերի արանքում, իսկ օդում թղթի կտորներ են պտտվում։
Օրվա ընթացքում այստեղ 50 աղբատար է մտնում տարբեր բնակավայրերից, այդ թվում՝ Երևանի հարավային թաղամասերից։
Մայիսի 22-ից սկսած 10 օր շարունակ այստեղ աղբը վառվում է։ Քաղաքի և մերձակա գյուղերի բնակիչները կատարվածը ողբերգություն են անվանում։ Տեղի հրշեջ ծառայությունում անմիջապես հասկացան, որ սեփական ուժերով հարցը լուծել չեն կարողանա։ Գործին միացան Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները։ Հրշեջ բրիգադներ էին աշխատում Արարատից (112 փրկարար), Արտաշատից, Մասիսից, Վեդիից և Երևանից։ Ընդհանուր առմամբ 103 ելք է կատարվել, օգտագործվել է 6258 տոննա ջուր։
ԱԻՆ-ում համարում են, որ իրենց գործն ավարտել են, բայց գրեթե 15 հեկտար տարածքում դեռ ծխացող օջախներ կան։ Դա չի կարող չանհանգստացնել մոտակա տների բնակիչներին, Մասիսի քաղաքապետարանում կիսում են նրանց տագնապը։ Քաղաքային իշխանությունները վստահ են, որ աղբավայրն ուղղակի սպառնալիք է քաղաքացիների առողջության և շրջակա միջավայրի համար։
Փորձում են դատարանով հետ վերցնել
1999թ․-ին աղբավայրը 99 տարով փոխանցվել է «Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՓԲԸ-ին։ Դրա սեփականատերը նախկին քաղաքապետ Ալեքսանդր Հակոբյանի եղբայրն է՝ Միխայիլ Հակոբյանը։ Այն ժամանակ աղբավայրի տարածքը 5 հեկտար էր, վարձակալման տարեկան վճարը հաստատված էր 60 հազար դրամ։ Ժամանակի ընթացքում այն ընդարձակվեց, և 2013թ․-ին կազմեց մոտ 13,5 հա, ավելացավ նաև վարձավճարը՝ ավելի քանի 200 հազար դրամ։
Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ Մասիսի և մոտակա շրջանների բնակիչները աղբի խնդրին բախվում են արդեն 15 տարի շարունակ, մեկն ավելի շատ, մյուսն ավելի քիչ։ «Ամեն ինչ կախված է այն բանից, թե որ ուղղությամբ է քամին փչում»,-կեսկատակ ասում է նա։
Հրդեհը վերջին կաթիլն էր, այրվում էր տարածքի 10 տոկոսը։
Եթե համապատասխան կառույցները ժամանակին արձագանքեին, հնարավոր է, որ ավելի քիչ տարածք այրվեր, քան հիմա։ Հակոբյանի խոսքով՝ վտանգը թերագնահատել էին։ Արդյունքում հրդեհը մարում էին ավելի քան մեկ շաբաթ։
Փոխքաղաքապետն առաջարկում է փակել աղբավայրը և դրա տեղում աղբի վերամշակման գործարան կառուցել։
«Այս պահին քաղաքապետարանն իրավիճակի վրա ազդելու լծակներ չունի, քանի որ աղբավայրը իրավաբանական անձի է պատկանում։ Մենք մտադիր ենք դատարան դիմել, որպեսզի համաձայնագրի խզման հասնենք»,-ասաց Հակոբյանը։
Նա հավատացնում է, որ աղբավայրից բխող սպառնալիքի մասին տեղական իշխանությունները բազմիցս խոսել են մասնագիտական գերատեսչությունների հետ։ Սակայն հարցը մեռյալ կետից առաջ չի շարժվել։ Առաջարկվել է նաև փակել աղբավայրը, հողով ծածկել, իսկ քաղաքից և մոտակա համայնքների աղբը տանել Երևան՝ Նուբարաշենի աղբավայր։ Բայց առաջարկը մերժվել է։ Նրա գնահատմամբ՝ միայն աղբավայրը փակելը 500 միլիոն դրամ կարժենա։ Համայնքը նման միջոցներ չունի։
Այս ամբողջ իրավիճակում նա պետության բացթողումն է տեսնում․ աղբավայրերի շահագործման և լիցենզավորման հստակ պահանջներ չկան։ Բայց քաղաքային իշխանությունները մտադիր չեն հանձնվել և պատրաստ են պայքարել ինչպես աղբավայրի փակման, այնպես էլ վերամշակող գործարանի ստեղծման համար։
Մինչ մենք զրուցում էինք Հակոբյանի հետ, մի քանի ԶԻԼ մեքենա անցավ՝ նոր աղզբ բերելով տարբեր տեղերից, այդ թվում՝ Երևանի հարավային թաղամասերից։
Դիտավորյալ հրկիզո՞ւմ
Աղբավայրի սեփականատերը համաձայնվեց զրուցել մեզ հետ, թեև չցանկացավ ներկայանալ։ Նա հրդեհը մարդկային գործոնով է բացատրում․ «Ինչ-որ մեկը հատուկ է վառել, որ այսպիսի աղմուկ բարձրացնի»։ Տղամարդու խոսքով՝ աղբավայրը շրջակա միջավայրի համար անվտանգ է, քանի որ շահագործվում է բոլոր նորմերի պահպանմամբ։ Նա ընդգծեց նաև, որ ԱԻՆ-ի աշխատակիցներն իրականում հրդեհը մարելու համար տիտանական աշխատանք են կատարել, իսկ մնացած մանր օջախները կմարվեն երկու օրվա ընթացքում։
«Եթե մենք ինչ-որ բան սխալ անեինք, համապատասխան օրգաններն արդեն կարձագանքեին»,-ավելացրեց նա։
Տղամարդը, ցույց տալով աշխատող տրակտորը, պարզաբանեց, որ տեխնիկան ոչ միայն հարթեցնում է մակերևույթը՝ նոր թափոններ ընդունելու համար, այլև հանգցնում է ծխացող օջախները։
Իսկ «Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՓԲԸ-ում պատմեցին, որ աղբավայրը հիմնվել է 20-րդ դարի 60-ական թվականներին, ԽՍՀՄ ղեկավարության կողմից։ Այդ ժամանակներից ի վեր այստեղ է հավաքվում աղբը Մասիսից, Երևանից և մերձակա 27 համայնքներից։ ՓԲԸ-ում աղբավայրի փակմանը դեմ չեն, բայց ամեն բան պետք է խելամտորեն արվի։ Այստեղ անհեթեթ են համարում դատողություններն այն մասին, որ աղբը պետք է մայրաքաղաքի աղբավայր տանել։
«Եթե Նուբարաշենում արդեն Երևանի աղբը չի տեղավորվում և հարավային շրջաններից այստեղ են բերում, ապա մենք ինչպե՞ս կարող ենք մեր թափոններն այս քանակությամբ մայրաքաղաք տանել»,-հարց է հնչեցնում ընկերության տնօրենը։
Նրա խոսքով՝ եթե ինչ-որ բան առաջարկում են, ապա պետք է գործնական բան առաջարկեն։ Աղբատար մեքենաներն ամսական մոտ 1500 երթ են անում, ինչը հավասար է մի քանի տոննա աղբի։ Բացի այդ, աղբավայրը գոյատևման միջոց է դարձել հասարակության ամենախոցելի խմբերի համար։ Առավոտից մինչև ուշ երեկո նրանք մրջյունի պես տքնաջան աշխատում են՝ տեսակավորում են աղբը ըստ նախընտրությունների․ մեկը թուղթն է հավաքում, մյուսը՝ շշերը, ոմանք էլ՝ մետաղը։
Ծուխ և գազեր
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հիգիենայի և շրջակա միջավայրի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ աղբանոցներում հրդեհը վտանգավոր է։
«Առաջացող ծուխը կարող է ալերգիկ, ասթմատիկ ռեակցիանե, անհանգստություն և նյարդայնություն առաջացնել։ Այրման արդյունքում աղբավայրում վտանգավոր նյութեր են տարանջատվում, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ բնակչության առողջության վրա»,-ասաց Գրիգորյանը։
Վերջին շրջանում կարգավորվել են աղբավայրերի շահագործման դրույթները՝ աղբահանությունը, տեսակավորումը։ Գրիգորյանը վստահ է, որ այս բոլոր կանոնների պահպանումը թույլ կտա կանխել Մասիսի աղբանոցում բռնկված հրդեհի նման իրավիճակները։