Փաշինյանի նախկին խոսնակը դեսպան է նշանակվել

Կարապետյանը նշանակվել է Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահի հրամանագրով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վլադիմիր Կարապետյանին Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակել երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Կիև): Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Աննա Նաղդալյանը հրաժարվում է ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնից

Նշանակումը կատարվել է Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի համաձայն:

Ըստ այդմ` Կարապետյանը նշանակվել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահի հրամանագրով:

ՀՀ նախագահը հրամանագիրը ստորագրել է այսօր` հունիսի 1-ին։

2018 թվականից Ուկրաինայում Հայաստանի դեսպանը Տիգրան Սեյրանյանն էր, որն այսօր վարչապետի առաջարկով ու նախագահի մեկ այլ հրամանագրով հետ է կանչվել այդ պաշտոնից:

Նշենք, որ մամուլում Փաշինյանի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի՝ այդ պաշտոնում նշանակվելու լուրը վաղուց էր շրջանառում:

Ըստ լուրերի` նրա կինը՝ Լիլիթ Նազարյանը, հոկտեմբերից ապահովում է Փաշինյան-Ալիև գաղտնի կապը և Կիևում մի քանի հանդիպում է ունեցել Ալիևի ներկայացուցչի հետ: Ըստ նույն աղբյուրների` ադրբեջանական կողմը պահանջել էր, որ Փաշինյանի կապավորը լինի պաշտոնատար անձ, ինչով էլ մեկնաբանվում էր Կարապետյանի նշանակման հավանականությունը: