ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի-Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն պարզելու՝ որ պատասխանատու պաշտոնյայի անփույթ գործողությունների հետևանքով է առաջացել զոհված զինծառայողների մասունքների հետ կապված խնդիրը։ Այս մասին «Արմենպրեսին» հայտնել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Երեկվա դեպքն անթույլատրելի է ցանկացած պարագայում։ Արձանագրվել է խնդիր, որին երեկ անդրադարձել է նաև Առողջապահության նախարարությունը։ Բոլոր միջոցները ձեռնարկվելու են նման իրավիճակները բացառելու ու թերացած պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար»,-ասել է Գևորգյանը։
Նրա խոսքով` հաշվի առնելով զոհված զինծառայողների հարազատների մտահոգությունները դիերի պահման պայմանների վերաբերյալ, հանձնարարականներ է տրվել պատասխանատու գերատեսչություններին` ապահովելու պատշաճ պայմաններ։
«Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» ղեկավարությունը հանդիպել է անհետ կորածների ծնողներին
Արդեն հայտնել էինք, որ երեկ անհետ կորած զինվորների հարազատները փակել էին Հերացի փողոցը։ Նրանց խոսքով` մի քանի հարյուր դիեր կան, որոնք թաքցրել են հասարակությունից` պահելով մրգերի սառնարաններում։ Բացի այդ, երեկ սոցցանցերում լուսանկար հրապարակվեց, որտեղ երևում էր, որ Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում մասունքները պահվում են սենյակներից մեկի գետնին դրված պարկերի մեջ։