Կեղծ տեղեկանք է ներկայացրել. Միհրան Պողոսյանի դեմ կարող է քրեական գործ հարուցվել

Միհրան Պողոսյանը ներկայացրել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանից ինչ–որ փաստաթուղթ։ Բուհը հերքել է դրա իսկությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. ԴԱՀԿ նախկին պետ, «Պատիվ ունեմ» ցուցակում ներառված Միհրան Պողոսյանի` Անձնագրերի և վիզաների վարչություն ներկայացրած փաստաթղթի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում։ Ազգային ժողովում Բյուջե-2020-ի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։

Միհրան Պողոսյանի ոտքի օղակը հանել են. իրավական գործընթացը շարունակվում է

Նշենք, որ մայիսի 18-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է դիմել Միհրան Պողոսյանի լիազորված անձ Նորայր Հարությունյանը՝ Պողոսյանին վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում ՀՀ–ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու խնդրով: Դիմումին կից ներկայացվել էր Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի հրամանը։ Դրա հիման վրա, սակայն, նրան տեղեկանք չէր տրամադրվել։

«Բուհից բերված առաջին տեղեկանքը համապատասխանում է իրականությանը, սակայն համաձայն այդ տեղեկանքի` 22 օր չի բավականացրել, որպեսզի ապահովվեր նրա` համապատասխան ժամկետում ՀՀ-ում գտնվելու պահանջը։ Դրանից հետո Պողոսյանը դիմել է վարչական դատարան և դատարանի որոշման միջոցով տրամադրվել էր նրան տեղեկանք»,–պարզաբանեց Ֆիդանյանը։

Սակայն մինչ վարչական դատարանը որոշում կկայացներ, Պողոսյանը վիզաների վարչություն նույն բուհից երկրորդ տեղեկանքն է ներկայացրել, թե իբր նա համալսարանի նախապատրաստական դասընթացներում է ընդգրկված եղել, ինչի համար էլ բացակայել է երկրից։ Բուհը, սակայն, չի հաստատել այդ տեղեկանքի իսկությունը։ Ֆիդանյանը կարծում է, որ հենց այս փաստաթղթի առնչությամբ էլ գուցե քրգործ հարուցվի։

Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել. ի՞նչ կապ ունի Միհրան Պողոսյանը

Ուշագրավ է այն հանգամանքը, որ այդ ընթացքում Պողոսյանը նաև երրորդ դիմումն է ներկայացրել վիզաների վարչություն` այս անգամ Բելգորոդի պետական ազգային հետազոտությունների ինստիտուտից։ Այստեղ էլ, ըստ փաստաթղթի, Պողոսյանը նախապատրաստական ինչ–որ դասընթացի է մասնակցել։ Ֆիդանյանը հայտնեց` այժմ այս երրորդ փաստաթղթի իսկությունն ուսումնասիրության փուլում է։

Հավելենք, որ ԱԺ պատգամավոր դառնալու համար պահանջվում է, որպեսզի թեկնածուն վերջին 4 տարում ՀՀ-ում բնակվի։ «ՀՀ ընտրական օրենսգիրք» օրենքի 80-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել է, որ քաղաքացին վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող չի համարվում, եթե լիազոր մարմնին դիմում տալու օրվան նախորդող 1461 օրերի ընթացքում նա առնվազն 731 օր բացակայել է ՀՀ-ից:

Նույն նորմով սահմանվել է ՀՀ-ից բացակայությունը հարգելի համարելու երկու հիմք, որոնցից է արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառությունը։

Միհրան Պողոսյանին նոր ծանր մեղադրանքներ կառաջադրվեն. գլխավոր դատախազ