ՌԱԴԻՈ

Ինչպես վարվել դեռահասների հետ, որոնք պատերազմ են տեսել. խորհուրդներ մասնագետից

Հոգեբան Խաչատուր Գասպարյանը Sputnik Արմենիայի եթերում ասել է, թե ինչ պետք է անեն ծնողները, որպեսզի երեխաները կարողանան հաղթահարել պատերազմի դառը հիշողությունները։
Sputnik
Ինչպես վարվել դեռահասների հետ, որոնք պատերազմ են տեսել. խորհուրդներ մասնագետից

Շատ կարևոր է պատերազմի միջով անցած երեխաներին հասկացնել, որ պատերազմն իրենց հետ որևէ կապ չունի, բայց դա չի նշանակում, որ նրանց չպետք է թույլ տալ տխրել, լացել և զգացմունքների մասին արտահայտվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավար Խաչատուր Գասպարյանը։

Նրա խոսքով` միաժամանակ պետք է անկեղծ լինել, սին խոսքերով ու խոստումներով իմիտացիա չանել, թե ամեն ինչ լավ է, խնդիրներ չկան։

«Խորհուրդ չի տրվում տանը հաճախ քննարկել այն տրավմատիկ խնդիրները, որոնք վերաբերում են պատերազմին։ Դրանք կարող են լինել ռեպորտաժները, քաղաքական նորությունները, սահմանային իրադրությունը»,- ասաց նա։

Ըստ Խաչատրյանի` պետք է զգուշավորություն ցուցաբերել սեփական հույզերն ու տագնապը երեխաներին չփոխանցելու համար, հատուկ ուշադրություն դարձնել այն երեխաներին, որոնք ունեն քնի դժվարություններ և վարքի փոփոխություններ։

Արծվաշենի իրական ճակատագրերը. գյուղապետի կանաչ «Մոսկվիչն» ու լքվող տանը մոռացված երեխան

«Խորհուրդ է տրվում պահպանել առօրյա ռիթմերը, օրինակ` դպրոց գնալ, չհրաժարվել ինչ-որ բաներից, որոնք երեխային պետք են, խաղալ նրանց հետ, օգնել, որ զգան` ծնողներն ամեն ինչ վերահսկում են»,- նշեց Խաչատրյանը։

Մասնագետի կարծիքով` տեղահանությունից հետո մինչև 1-2 ամիս տագնապի առկայությունը բնական է, իսկ եթե ժամանակը ձգվում է, մասնագետի միջամտությունը դառնում է անհրաժեշտություն։

Եռաբլուրի հերոսներին 2 բան ունենք ասելու. Դավիթ Ամալյանը` հաղթանակի ու պարտության մասին

10-12 տարեկանների հետ պատերազմի մասին խոսելիս նախևառաջ պետք է պատմությունը լավագույնս ներկայացնել, հերոսների մասին պատմել` զերծ մնալով անհարկի պարծենկոտությունից ու չափազանցությունից։

«Չի կարելի երեխաներին ծանրաբեռնել աշխարհի անարդարության մասին տեղեկություններով և չպարծենալ, որ մենք շատ հերոսներ ունենք, նրանք կգան և բոլորին կհաղթեն, որովհետև իրականությունն այդպիսին չէ, և դրա հետևանքով դուք կարող եք կորցնել ձեր վստահությունը»,- հավելեց հոգեբանը։

Իսկ այս ամենի հանրագումարում կարևորագույն գործոնը հանգստությունն է, եթե ծնողը հանգիստ վարքագիծ է դրսևորում և հանդես է գալիս աջակցողի դիրքերից, երեխան ավելի ինքնավստահ է լինում։

Վերքերը բուժելուց բացի, տղաները հաղթում են պատերազմի ուրվականին