Անկարան Մոսկվային բացատրել է` ինչու է զենք վաճառել Ուկրաինային

Աթենքում կայացած ասուլիսի ժամանակ Չավուշօղլուին հարց են ուղղել Թուրքիայի կողմից Ուկրաինային զենք վաճառելու վերաբերյալ ՌԴ արձագանքի մասին, Թուրքիայի արտգործնախարարը հստակ պատասխան է տվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Ռուսաստանը չպետք է նեղանա այն բանից, որ Անկարան զենք է վաճառում Կիևին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ մայիսի 31-ին Աթենքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին։ Նրա խոսքը մեջբերում Է NTV հեռուստաալիքը։

Թուրքիայում լրագրողին ազատել են աշխատանքից Սուլեյման Սոյլուի վերաբերյալ «տհաճ» հարցի համար

«Անկարան հարցեր չի տալիս օտարերկրյա պետություններին, այդ թվում ՝ Ռուսաստանին, թե ինչու են նրանք զենք վաճառում։ Ուկրաինայի հետ համաձայնագրեր են կնքվել տարիներ առաջ։ Մենք լավ արտադրանք ունենք։ Ռուսաստանը չպետք է նեղանա դրանից։ Դա բիզնես է։ Սիրիան մեր ինքնաթիռը խոցեց ռուսական հրթիռով։ Ռուսաստանը հրթիռներ է մատակարարում Սիրիային և շատ երկրների։ Մենք ոչ մի անգամ պահանջներ չենք ներկայացրել այդ կապակցությամբ», - հայտարարել է նա։

Հիշեցնենք` 2021 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ թուրքական կողմը «Bayraktar TB2» անօդաչուների հերթական խմբաքանակը կվաճառի Ուկրաինային. առաջին գործարքը կնքվել էր դեռ 2019 թվականին: Բացի այդ, Կիևը Անկարային առաջարկել է համատեղ արտադրություն սկսել Ուկրաինայում։

Թուրք բարձրաստիճան պաշտոնյաների խոսքով՝ այդ գործարքներն ուղղված չեն Ռուսաստանի դեմ։ Ընդ որում` թուրքական անօդաչուները ակտիվորեն կիրառվել են Դոնբասում ռազմական գործողությունների ընթացքում։ Բացի այդ, Անկարան բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Ղրիմը բռնակցված է համարում։ Մասնավորապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նման հայտարարությամբ էր հանդես եկել ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ:

Թուրքիա. աննախադեպ սահմանափակումների արդյունքներին սպասելիս