ԱԺ արտահերթ ընտրությունների շրջանակում դատախազությունում թեժ գիծ է գործարկվել

Թեժ գիծը կգործի մինչև հունիսի 20-ը ներառյալ, քվեարկության օրը` շուրջօրյա ռեժիմով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի– Sputnik. 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու, այդ նպատակով հանրության հետ անմիջական հաղորդակցություն ապահովելու, ինչպես նաև ընտրական գործընթացում ներգրավված սուբյեկտների կողմից ընտական հանցավոր իրավախախտումների վերաբերյալ ահազանգերին, հրատապ խնդիրներին օպերատիվ արձագանքելու նկատառումներով ՀՀ գլխավոր դատախազությունում գործարկվել է թեժ գիծ՝ (010) 511 - 999 հեռախոսահամարով։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Իմացեք` որ թիվն է ձեր նախընտրածը ընտրություններին քվեարկելու համար

«Թեժ գիծը կգործի մինչև հունիսի 20-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին ժամը 09:00-ից 20:00-ն, իսկ քվեարկության օրը՝ շուրջօրյա ռեժիմով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Գլխավոր դատախազությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև ընտրական գործընթացում ներգրավված բոլոր շրջանակներին՝ ընտրական հանցագործությունների վերաբերյալ որոշակի, առարկայական տվյալներ ունենալու դեպքում դրանք փոխանցել ՀՀ գլխավոր դատախազություն՝ գործարկված թեժ գծի միջոցով:

Տեղեկատվություն տրամադրող անձանց իրավունքների պաշտպանությունը երաշխավորվում է:

Ինչպես կարող են ընտրություններին մասնակցել հաշվառում չունեցող քաղաքացիները

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական հանցագործությունների վերաբերյալ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը գրանցելու և հաշվառելու, հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Ադրբեջանը փորձում է ազդել Հայաստանում նախատեսված ընտրությունների արդյունքի վրա. Փաշինյան