Ադրբեջանական զորքը պետք է լքի Հայաստանի տարածքը․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահը շեշտեց, որ կողմերը չպետք է փաստի առաջ կանգնեցնեն միմյանց և առավել ևս դիմեն ուժի ու սկսեն մարտական գործողություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ադրբեջանական զորքերը պետք է լքեն Հայաստանի տարածքը։

Մակրոնը հիշեցրեց, որ ավելի վաղ բազմիցս հայտարարել է թե՛ Փաշինյանի հետ զրույցներում, թե՛ հրապարակավ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն բացառապես բանակցությունների միջոցով և ոչ մի դեպքում չպետք է դիմել ուժի:

«Ադրբեջանական զորքերը պետք է դուրս քաշվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից, և ես կոչ եմ անում կողմերին վերադառնալ ելման դիրքեր: Մենք կփորձենք օգնել երկխոսության հաստատման հարցում», -հայտարարեց Մակրոնը։

Նա ընդգծեց նաև, որ անհրաժեշտ է ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, ինչպես նաև կարևորեց Ղարաբաղում մշակութային հուշարձանների պահպանման անհրաժեշտությունը:

Վերջում նա հիշեցրեց, որ Ֆրանսիան շարունակում է աջակցել Հայաստանի հիվանդանոցներին, ինչպես նաև գումար է հատկացրել Հայաստանում և Ղարաբաղում Կարմիր խաչի առաքելության աշխատանքի համար, այդ թվում՝ անհետ կորած զինվորների որոնումն արագացնելու համար:

Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Փարիզում, որտեղ նախատեսվում են մի շարք հանդիպումներ երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ:

Դժվար օրերին Հայաստանը զգաց Ֆրանսիայի աջակցությունը. Փաշինյանը Մակրոնին հրավիրեց Երևան

Ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

ԽՍՀՄ տարիներին ադրբեջանցիները զավթում էին հայերի հողերը, ապա դարձնում քննարկման առարկա

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։