2021թ.-ին Հայաստանից ավելի շատ ՀՀ քաղաքացի է հեռացել, քան 2020-ին

Ազգային ժողովը քննարկում է 2020թ-ի պետական բյուջեի կատարողականը: ՀՀ վիճակագրության կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը արտագաղթի մասին հետաքրքիր տվյալներ է հրապարակել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. 2021 թ.-ին Հայաստանից ավելի շատ մարդ է հեռացել, քան 2020-ին: Այս մասին այսօր ԱԺ-ում «Բյուջե-2020»-ի քննարկման ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ վիճակագրության կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը:

«2020թ.-ի արդյունքներով` ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգի մուտքերի ու ելքերի տվյալներով հաշվեկշիռը դրական էր, իսկ 2021 թ.-ի առաջին եռամսյակի արդյունքներով բավական բացասական»,- ասաց նա:

Ըստ պաշտոնական վիճակագրության` 2021թ.- հունվար-մարտին ՀՀ-ից դուրս է եկել ՀՀ 127 338 քաղաքացի, մուտք գործել՝ 63 625-ը: Այսինքն՝ 3 ամսում Հայաստանից անվերադարձ հեռացել է 63 713 ՀՀ քաղաքացի:

Ինչպես կանխել արտագաղթը, կամ իրավիճակի պատասխանը կգտնեք «Զվարթնոցում»

Համեմատության համար նշենք, որ 2020թ.-ի հունվար-մարտին ՀՀ եկել է 346 625 քաղաքացի, հեռացել՝ 328 016: Այսինքն՝ Հայաստան եկող ՀՀ քաղաքացիների թիվը 18 609-ով ավելի է եղել:

Դե, իսկ 2020-ի մարտի 15-ից Հայաստանի սահմանները կորոնավիրուսի համավրակի հետևանքով փակվել էին, արտագնա աշխատանքի մեկնողներ էլ գրեթե չկային:

Արտագաղթի ցավոտ կողմը, կամ ովքե՞ր և ինչո՞ւ են լքում Հայաստանը