ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Հայկական բիզնեսի հիմնական խնդիրները 2018 թ.-ին եղել են տեղական շուկայի սահմանափակությունն ու ֆինանսական ռեսուրսների դժվարամատչելիությունը։
Այժմ հիմնական խնդիրներն են արժույթի տատանումների ռիսկը, քաղաքական անկայունությունը (ներառյալ սահմանային իրավիճակը) և բնակչության ցածր գնողունակությունը: Այս մասին են վկայում Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի և մասնավոր ձեռնարկատիրության միջազգային կենտրոնի (Վաշինգտոն) անցկացրած հարցման արդյունքները, որը պալատը ներկայացրել է այսօրվա քննարկմանը։
Հարցված ձեռնարկությունների շուրջ 40 տոկոսը նշում է, որ պատրաստվում է կատարել անցած տարի հետաձգված ներդրումները, ևս 10 տոկոսը ցանկանում է ավելացնել դրանք: Մնացած 50 տոկոսը մտադիր է ձեռնպահ մնալ ներդրումներից կամ կրճատել արդեն սկսված նախագծերը։
Ինչ վերաբերում է թուրքական ապրանքների էմբարգոյին, որն ուժի մեջ է մտել 2021 թ․-ի հունվարի 1-ից, հարցվածների հիմնական մասը դրանում նոր հնարավորություններ է տեսնում իր արտադրության համար: Տարածաշրջանում հաղորդակցության ուղիների հնարավոր ապաշրջափակումը բացասաբար է գնահատել հարցվածների երկու երրորդը՝ նշելով, որ ճանապարհների բացումը կխանգարի տեղական բիզնեսի մրցունակությանը: Միայն 30 տոկոսն է դրանում իր վաճառքներն ու արտահանումը մեծացնելու հնարավորություններ տեսնում։
Որ երկրներից են Հայաստան գալիս աշխատելու և որ երկրներից` բիզնես անելու
Նշենք, որ չնայած թուրքական ապրանքների արգելքին (խոսքը պատրաստի արտադրանքի, այլ ոչ թե հումքի մասին է), դրանք շարունակում են վաճառվել Հայաստանում, այդ թվում՝ հագուստ։ Բիզնեսը դա բացատրում է անցյալ տարվա վերջին կուտակած ապրանքներով։