Փաշինյանի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ կգործուղվեն ՌԴ

Կառավարությունից հայտնել են, թե ՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ինչ նպատակով է գործուղվում ՌԴ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազը և դատախազության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ կգործուղվեն Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) ՌԴ գլխավոր դատախազի հետ երկկողմ հանդիպման համար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։

Ընտրությունների հետ կապված դատախազությունում ձևավորվել է աշխատանքային խումբ

«2021 թվականի հունիսի 2-5-ը Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) կգործուղվեն ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանը և ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանը՝ մասնակցելու Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ երկկողմ հանդիպում ունենալու նպատակով»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` հունվարի 13–ին աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել էր ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին:

Հանդիպման արդյունքներով Արթուր Դավթյանը և Իգոր Կրասնովը ստորագրել են ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև 2021-2022թթ. համագործակցության ծրագիրը, որով նախատեսվում են փորձի փոխանակմանն ուղղված համատեղ աշխատանքներ դատախազական հսկողության մի շարք ոլորտներում: