Նոր դիերի մասին խոսք չկա. Աբովյանի դիահերձարանում ծառայողական քննություն է իրականացվելու

ԶԼՄ–ներում ու սոցցանցերում լուսանկարներ են հայտնվել, որոնցում երևում են սպիտակ պարկեր` լցված զոհված զինծառայողների աճյուններով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Հաշվի առնելով լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, որտեղ կասկածի տակ է առնվում դիահերձարաններում պահվող մասունքների ու դիակների ստույգ թիվը, ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ խոսք չի կարող լինել նոր կամ «թաքցրած» դիերի ու մասունքների մասին:

Գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, զոհվածների հարազատները եղել են բոլոր դիահերձարաններում, և դիակների պահման հետ կապված խնդիրներ չեն արձանագրվել:

«Դատաբժշկական կենտրոնն ամեն ինչ արել է, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետում իրականացնի նույնականացման աշխատանքները, ինչպես նաև մշտապես կապի մեջ է եղել զոհվածների ծնողների ու հարազատների հետ: Հաշվի առնելով Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում այսօրվա արձանագրված մասնավոր դեպքը, գերատեսչությունը ծառայողական քննություն է իրականացնելու՝ դիերի և մասունքների պահման պատշաճ պայմաններն ապահովելու հետ կապված խնդիրն ուսումնասիրելու համար»,–հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Հիշեցնենք` այսօր շուրջ 1 ժամ փակ էր Երևանի Հերացու փողոցը. անհետ կորածների հարազատները պնդում էին, որ իրենց երեխաների մարմինները մինչ այս պահել են մրգի սառնարաններում, և պարզվում է` 200-ից ավել դի կա հիմա։ Այսինքն` Արցախում որոնողական աշխատանքների արդյունքում ավելի քիչ մարմին է հայտնաբերվել, իսկ դիահերձարաններ ավելի մեծ թվով դիեր են մուտք արվել։ Նրանք պահանջում էին հանձնաժողով ստեղծել, իրենց հետ շրջել դիահերձարաններով և տեսնել` քանի դիակ կա։

ՄԻԵԴ-ը Ադրբեջանից տեղեկություն է պահանջել 6 հայ ռազմագերիների վերաբերյալ և ժամանակ տվել

Անհետ կորածների հարազատները փողոցը բացեցին ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցչի հետ համաձայնության գալուց հետո։ Նրանցից մեկն ասաց, որ հերթով գնալու են բոլոր դիահերձարաններ, տեսնեն` քանի մարմին կա։

Ավելի ուշ ԶԼՄ–ներում և սոցցանցերում լուսանկարներ հայտնվեցին Աբովյանի դիահերձարանից, որոնցում երևում էին սպիտակ պարկեր` լցված զոհված զինծառայողների աճյուններով։

Գերատեսչությունը հայտարարություն տարածեց` հայտնելով, որ Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում փորձաքննված և նույնականացված մի քանի մասունքներ ու դիակներ, որոնք ժամանակավորապես պահվել են կենտրոնի ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում, հարազատները այլ վայր տեղափոխելու ցանկություն են հայտնել: Չնայած այն հանգամանքին, որ մասունքների տեղաշարժը նպատակահարմար չէ, և դրանց պահման ներկա պայմանները համապատասխանում են մասնագիտական պահանջներին, այնուամենայնիվ, որոշել են ընդառաջել ծնողների ցանկությունն ու տեղափոխել այլ դատաբժշկական կենտրոնի սառնարանային հատված` զերծ պահելով հարազատներին լրացուցիչ ցնցումներից: