ՄԻԵԴ-ը Ադրբեջանից տեղեկություն է պահանջել 6 հայ ռազմագերիների վերաբերյալ և ժամանակ տվել

Գերեվարված հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով Հայաստանը դեռ մայիսի 27-ին դիմել էր Ստրասբուրգի դատարան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանին ժամանակ է տվել տեղեկություններ տրամադրելու մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում գերեվարված վեց հայ զինծառայողի կարգավիճակի մասին: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի խոսքով` դատարանը Բաքվին մինչև հունիսի 4–ն է ժամանակ տվել։

Նշենք, որ գերեվարված հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով Հայաստանը մայիսի 27-ին դիմել էր Ստրասբուրգի դատարան:

«Գերեվարվածներից մեկն իմ ընկերն է». Ավետյանը` 6 գերիներին Հայաստան վերադարձնելու մասին

Հիշեցնենք`մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզում ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ գերեվարվել են պայմանագրային զինծառայողներ Ա. Ն. Աբգարյանը, Ի. Ա. Սարգսյանը, Վ. Վ. Սարգսյանը, Բ. Ս. Օհանյանը, Ա. Գ. Բուդոյանը և Վ. Օ. Ռաֆայելյանը։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կատարվածն անվանել է առևանգում, քանի որ զինվորականները գտնվել են ՀՀ տարածքում:

Ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից գտնվում են Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում՝ փորձելով ամրապնդել իրենց դիրքերը հայկական տարածքների հաշվին: Նման իրավիճակ է ստեղծվել նաև Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսի մոտակայքում։ Պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում Հայաստանի պետական սահմանի տարբեր հատվածներում։ Մայիսի 25-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող է մահացել: