ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Հայաստանից Ռուսաստան թարմ խնձորի մատակարարումների ծավալը 2021 թվականին աճել է 2,5 անգամ՝ հասնելով 8,5 հազար տոննայի։ Տեղեկությունն այսօր հայտնի է դարձել «Ռոսսելխոզնադզորի» և Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի միջև բանակցությունների ժամանակ։ «Ռոսսելխոզնադզորի» կայքը հաղորդում է, որ բանակցություններն ընթացել են տեսակապի ռեժիմով։
«Ընդ որում` այս տարվա մայիսին 1000 տոննա խնձոր է մատակարարվել, թեև նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մատակարարումներ չեն իրականացվել։ «Ռոսսելխոզնադզորում» հայտնում են, որ բոլոր բուսասանիտարական սերտիֆիկատների շուրջ 90 տոկոսը ձևակերպված է ֆիզիկական անձանց անունով», - նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ռուսաստան թարմ խնձորի արտահանման աճը կապված է ցածր գների պատճառով 2020 թվականից շուկայում առկա ապրանքի պաշարների բարձր ծավալի հետ:
Բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև բուսասանիտարիայի ոլորտում տեղեկատվական համակարգերի ինտեգրման մասին համաձայնագրի ստորագրման հարցը, որը թույլ կտա հետևել ապրանքի տեղափոխությանը: Հայկական կողմը հաստատել է տեխնիկական մասնագետների կողմից ինտեգրացիոն աշխատանքների իրականացումը և պատրաստ է փաստաթղթի ստորագրման նախապատրաստմանը:
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ խնձոր ենք ուտում