«Գեղցոնց ժամ». ինչո՞ւ են Գյումրիում առանձին եկեղեցի կառուցել գյուղից եկածների համար

Sputnik Արմենիան «Մշակութային հայրաքաղաք» նախագծի շրջանակներում ներկայացնում է Գյումրիի եկեղեցիներից մեկը՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչն իր ստեղծման հետաքրքիր պատմությունով:
Sputnik

Եթե գյումրեցիներին հարցնեք, թե որն է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, քչերը կպատասխանեն: Շատերի համար դա եղել ու մնում է «Գեղցոնց ժամը»: Հետաքրքիր վարկածներ կա եկեղեցու անվան հետ կապված։

«Գեղցոնց ժամ». ինչո՞ւ են Գյումրիում առանձին եկեղեցի կառուցել գյուղից եկածների համար

Դրանցից մեկի համաձայն՝ եկեղեցին կառուցվել է «Ձորի մայլա» կոչվող թաղամասի բնակիչների հանգանակություններով։ Այն ունեցել է եռանավ կենտրոնագմբեթ կառույց և փոքր զանգակատուն։ Եկեղեցու հարակից տարածքի բնակիչները զբաղվել են հողագործությամբ և անասնապահությամբ։ Դրա համար էլ ժողովուրդը եկեղեցին անվանել է «Գեղցոնց ժամ»։

Մեկ այլ վարկածով՝ գյումրեցիները, չցանկանալով, որ հարակից գյուղերից եկած բնակիչները կեղտոտ կոշիկներով իրենց հետ նույն տեղում աղոթեն, խեթ էին նայում գյուղից եկածներին՝ նրանց ի վերջո ստիպելով առանձին եկեղեցի կառուցել:

«Գեղցոնց ժամ». ինչո՞ւ են Գյումրիում առանձին եկեղեցի կառուցել գյուղից եկածների համար

«Մի քանի տեսակետ կա, բայց առավել հավանական է այն, որ գյուղից եկածների հետ նույն եկեղեցում չշփվելու համար տարանջատում է տեղի ունեցել, քանի որ հին գյումրեցիներն այդ հարցում շատ խիստ են եղել ու չեն շփվել նրանց հետ»,-նշում է եկեղեցու հովիվ Տեր Փավստոս քահանա Սարգսյանը։

Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին հիմնադրվել է 1818 թվականին՝ ավելի վաղ, քան Գյումրի Սբ. Աստվածածին (Յոթ Վերք) կամ Սբ. Նշան եկեղեցիները։  Ի սկզբանե այն ընդհանուր էր, սակայն տեսնելով, որ այդտեղ ավելի շատ հավաքվում են գյուղից եկածները, գյումրեցիներն իրենք են որոշել այլ եկեղեցի կառուցել ու «առանձնանալ»։

«Գեղցոնց ժամ». ինչո՞ւ են Գյումրիում առանձին եկեղեցի կառուցել գյուղից եկածների համար

Կան նաև վարկած, որ եկեղեցու հիմնադիրները եկվոր քահանաներ են եղել՝ Տեր Պետրոսն ու Տեր Ավագը: Նկատելով, որ քաղաքում բնակիչների միջև տարանջատում կա, նրանք կառուցել են եկեղեցի հատուկ եկվորների համար։

Խորհրդային Միության տարիներին եկեղեցու գմբեթը քանդել են և այն վերածել են պահեստի։ 1926 թվականի երկրաշարժը տեսած եկեղեցին 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից կրկին խարխլվեց, բայց կանգուն մնաց։ Չնայած ձեռնարկված քայլերին՝ 2003 թվականին եկեղեցին ինքնափլուզվեց։ Կանգուն մնաց միայն ժամերգության գավիթը:

«Գեղցոնց ժամ». ինչո՞ւ են Գյումրիում առանձին եկեղեցի կառուցել գյուղից եկածների համար

Եկեղեցու վերականգնման աշխատանքները Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ մեկնարկեցին 2014 թվականին՝ ծնունդով գյումրեցի, սոչիաբնակ բարերար Գագիկ Պետրոսյանի հանգանակությունների շնորհիվ, ու ավարտվեցին 2015-ին։

Ի դեպ, Գյումրիում գյուղացիների մուտքը ոչ միայն եկեղեցի, այլ նաև ընդհանրապես քաղաք է արգելված եղել: Քաղաքի ներկայիս Տերյան փողոցում մինչ օրս պահպանվում է «Կալոշի արգելանքը» (գյումրեցիների մոտ կալոշը գյուղացիների նշանն է համարվել), որը, Հայկ Դեմոյանի տեղեկացմամբ, տեղադրվել է 1919 թվականին։

«Գեղցոնց ժամ». ինչո՞ւ են Գյումրիում առանձին եկեղեցի կառուցել գյուղից եկածների համար