ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Անհետ կորած զինծառայողների ծնողները փակել են Հերացի փողոցը։ Զինվորներից մեկի հարազատը` Արսեն Ղուկասյանը, պնդում է, որ իրենց երեխաների մարմինները տարբեր տեղերում են պահել և հիմա կամաց-կամաց «ջրի երես են հանում»։
Տղամարդը պնդում է` շուրջ 200 մարմին անհայտ տեղերում են եղել և միայն հիմա են «հայտնվել»։
«Մինչ այս Արցախի դիահերձարան ընդամենը 21 մարմին է եղել, իսկ հիմա տարբեր տեղերից մարմիններ են ի հայտ գալիս։ Սա այն է, որ ասում էին` մարմինները տարբեր տեղերում են պահել, անգամ մրգի սառնարաններում։ Մեր երեխաների մարմինները պահել են տարբեր տեղերում, իսկ հիմա կամաց–կամաց հանում և տալիս են»,–ասում է տղամարդը։
Նրա խոսքով` այսօրվա դրությամբ 230 դիակ կա և 427 մասունք։ Նա կոչ է անում բոլոր անհետ կորածների հարազատներին միանալ իրենց` բողոքի ձայն բարձրացնեն, քանի որ սա իրենց տղաների հարցն է։
«Մեզ մասունքներ են տալիս մեր տղաների ու փակում են մեր բերանը, լռեցնում են։ Այսպես չի մնալու` հատ-հատ պատասխան են տալու, վերևում Աստված կա»,–ասաց մեկ ուրիշ տղամարդ։
Հավելենք, որ ծնողները պահանջում են պետական մարմիններից կազմված հանձնաժողով ստեղծել, որտեղ կլինեն նաև ծնողներ ու կգնան դիահերձարաններ` պարզելու այնտեղ պահվող դիերի ստույգ թիվը։
Տեղում է ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը, այժմ նա քննարկում է անհետ կորածների հարազատների հետ։
Նշենք, որ Հերացին այս պահին շարունակում է փակ մնալ։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։
Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։
Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը