ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. Սոթքից մինչև Խոզնավար տարածքում ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ ոմանք ոչ թե զբաղված էին մեր սահմանների պաշտպանությամբ, այլ գլխավոր շտաբը դարձրել էին քաղաքական քննարկումների գրասենյակ։ Վանաձորում տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով սահմանին ստեղծված իրավիճակին։
«Պատերազմից հետո ԳՇ պետին իմ առաջին հրամանն է եղել օրուգիշեր զբաղվել սահմանային նոր հատվածի կահավորմամբ։ Բայց ամեն անգամ ես տեսել եմ, որ ԳՇ պետն ու իր տեղակալը զբաղվում են քաղաքականությամբ, այլ ոչ թե իրենց գործով` Սերժի, Ռոբերտի, այս կամ այն կուսակցության հետ։ Փետրվար 25-ին էլ հանդես եկան իմ հրաժարականի պահանջով»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` այդ ժամանակ նախագահից սկսած զգուշացրել է, որ անվտանգային խնդիրների առաջ ենք կանգնած։ Բայց, ըստ նրա, ուղիղ 1.5 ամիս է տևել, որ ԳՇ պետին և տեղակալին աշխատանքից ազատեն ու նորերին նշանակեն։
«Բա էն ժամանակ, որ մտածում էին` ստորագրեին, թե ոչ, չէին մտածո՞ւմ` սահմանով ով է զբաղվելու»,–ասաց վարչապետի պաշտոնակատարը։
Հայաստանի համար սահմանազատման վերաբերյալ ՌԴ առաջարկն ընդունելի է. Նիկոլ Փաշինյան
Հիշեցնենք` Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից պաշտոնապես հեռացրին մարտի սկզբին՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականը պահանջելուց մի քանի օր անց։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երկու անգամ հրաժարվեց ստորագրել վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու միջնորդությունը։ Սակայն մարտի 9-ին վարչապետի որոշումն ուժի մեջ մտավ սահմանադրական նորմի հիմքով։ Դրանից հետո ԳՇ պետ նշանակվել Արտակ Դավթյանը։