Ռոքսանա Բաբայանը 75 տարեկան է․ ինչպես Շիրվինդտը նրան «հաստատեց» Դերժավինի կնոջ դերում

Ռոքսանա Բաբայանը Միխայիլ Շիրվինդի հետ ամուսնացած է եղել 37 տարի և, ինչպես ինքն է վստահեցնում՝ առանց սկանդալի։ Դրան դժվար չէ հավատալ, քանի որ Ալեքսանդր Շիրվինդտն ասում էր, որ Միխայիլ Դերժավինի հետ անհնար էր վիճել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Ռոքսանա Բաբայանն այսօր դառնում է 75 տարեկան։ «Аргументы и факты» թերթը հատուկ երգչուհու հոբելյանի առթիվ նրա մասին հոդված է պատրաստել, որտեղ ներկայացնում է ամուսնու՝ Միխայիլ Դերժավինի հետ նրա ծանոթության պատմությունը և պատմում է, թե ինչպես Շիրվինդտը «հաստատեց» նրա թեկնածությունը մտերիմ ընկերոջ կյանքի ուղեկցուհու դերում։

«Սիրո խոստովանություն». ինչպես են Ռոքսանա Բաբայանն ու Միխայիլ Դերժավինը մարդու կյանք փրկել

Ռոքսանայի երաժշտական կարիերան շատ արագ էր վերընթաց ապրում, հատկապես այն բանից հետո, երբ նա հաղթեց «Братиславская лира» մրցույթում։ Հաղթանակից գրեթե անմիջապես հետո նրան հրավիրեցին Ջեզկազգան՝ կոմսոմոլական համերգի։ Ինքնաթիռում նա ծանոթացավ դերասան Դերժավինի հետ, որը նույնպես համերգի մասնակիցներից էր։ Երկուսն էլ հետագայում ասում էին, որ դա սեր էր առաջին հայացքից։

Ալեքսանդր Շիրվինդտը մի անգամ պատմել է, թե ինչպես էր Միխայիլը ընկերների համար «հարսնատես» կազմակերպել։ Բոլորը հավաքվել էին Շիրվինդտի ամառանոցում, Դերժավինը բերեց Ռոքսանային։ Նրա հետ շփվելուց հետո Շիրվինդտը մոտեցավ ընկերոջն ու ասաց․«Բաց չթողնես»։

Բուռն սիրավեպ, կարճ բաժանում, որը պայմանավորված էր և՛ երգչուհու, և՛ դերասանի հյուրախաղերով, այնուհետև երկուսն էլ իրարից անկախ բաժանվեցին նախկին ամուսիններից։ Երբ նրանք կրկին հանդիպեցին, գրեթե անմիջապես գնացին ամուսնությունը գրանցելու և մեկ շաբաթ անց ամուսիններ դարձան։ Նրանք միասին ևս մեկ համատեղ որոշում ընդունեցին. Բաբայանն ու Դերժավինը մկրտվեցին, ինչից հետո Ռոքսանան առաջարկեց պսակադրվել, իսկ Դերժավինը համաձայնեց։

Ինչու Ռոքսանա Բաբայանն ու Միխայիլ Դերժավինը երեխա չունեցան. երգչուհու խոստովանությունը

Նրանք ամուսնացած են եղել 37 տարի։ Դերժավինը մահացել է երեք տարի առաջ։ Հիմա Բաբայանն ակտիվ կենսակերպ է վարում․շրջագայում է համերգներով, զբաղվում է հանրային գործունեությամբ։

Ռոքսանա Բաբայանը ծնվել է 1946թ․-ի մայիսի 30-ին Տաշքենդում, ինժեներ Ռուբեն Մուկուրդումովի և երգչուհի-դաշնակահարուհի Սեդա Բաբայանի ընտանիքում։

Պետք է այսօր ասել, «վաղը» կարող է չգալ. Ռոքսանա Բաբայանը` ամուսնական հարաբերությունների մասին

1970 թ․-ին ավարտել է Տաշքենդի երկաթուղային տրանսպորտային ինժեներների ինստիտուտը, արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ֆակուլտետը։ Ինստիտուտում սովորելու տարիներին մասնակցել է գեղարվեստական ինքնագործ խմբերին` մրցանակային տեղեր զբաղեցնելով երգի մրցույթներում։ Բուհն ավարտելուց հետո Հայաստանի պետական էստրադային նվագախմբի ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանը Ռոքսանային հրավիրել է իր նվագախումբ՝ Երևան, որտեղ էլ նա հետագայում կայացել է որպես պրոֆեսիոնալ երգչուհի։