ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Այս իշխանությանը մնացել է 22 օր։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող, Ռոբերտ Քոչարյանը։
«Սա պայքար է։ Յուրաքանչյուր մարտից առաջ, երբ զինվորի աչքերին նայում էինք, հասկանում էինք՝ հաղթելո՞ւ ենք, թե ոչ։ Նույնն այս պայքարում է։ Մարդկանց աչքերից երևում է, թե ինչ վճռականությամբ են նրանք լցված, ինչ համոզմունքներով են գնում պայքարի»,–հավելել է Քոչարյանը։
Նրա խոսքով` համատեղ աշխատանքի շնորհիվ կկարողանան հասնել ցանկալի արդյունքի և դաշինքի՝ տարբեր մարզերում ունեցած հանդիպումները նոր լիցք ու ուժ են հաղորդում։
Քոչարյանը նշել է` պետք է փորձեն որակյալ աշխատանք տանել յուրաքանչյուրն իր մասով, իրենք՝ շտաբերում, արարատցիներն` իրենց տեղում։
Ռոբերտ Քոչարյանն ասել է նաև, որ անհրաժեշտ է երկրի ընդհանուր միջավայրը փոխել, որովհետև մեզ մոտ նյարդային մթնոլորտ է տիրում. պետք է փորձեն հանգստություն բերել հասարակությանը։ «Մարդկանց գլուխներում շփոթություն է առաջանում, որն ամեն քաղաքացի չի կարող հաղթահարել։ Այս ներվայնությունը գալիս է վերևից՝ երկրի ղեկավարությունից»,-ասել է նա։
Փաշինյանը Տեր-Պետրոսյանին և Քոչարյանին հրավիրում է ուղիղ եթերով բանավեճի
Հիշեցնենք` Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են հունիսի 20–ին։