ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին սպասելու է հունիսի 18-ին ուղիղ եթերով կայանալիք բանավեճին։ Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ապարանի գրասենյակում համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Մի քանի օր է` ԼՂ հակամարտության հարցի վերաբերյալ տալիս եմ գնահատականներ և հրապարակում փաստեր։ Ուշադրություն դարձրեք, որ առայժմ որևէ բովանդակային հակադարձում չի եղել։ Ես ակնկալում եմ, որ ՀՀ բոլոր նախկին ղեկավարները պետք է արձագանքեն դրան։ Այդ բանավեճի ժամանակ կերևա ամեն ինչ, քանի որ շատ հեշտ է փակ դահլիճներում խոսել և «տղամարդլամիշ» լինել»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` թող ՀՀ նախկին ղեկավարները գան, դեմ–դիմաց կանգնեն ու խոսեն ԼՂ հարցի մասին։ Փաշինյանը նշեց` Քոչարյանը պետք է բացատրություն տա, թե 1997-98 թվականներին Արցախն ինչու է բանակցային գործընթացից դուրս թողել։ Ըստ նրա` հենց այդտեղից էլ սկսել է ամեն ինչ, քանի որ ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս թողնելը նշանակում է ԼՂ հիմնահարցը դարձնել տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Իլյուզիաների չտրվենք. Փաշինյանը ներկայացրեց Ղարաբաղի հարցի կարգավորման իր տեսլականը
Նա հավելեց, որ ամեն ինչին կետ առ կետ պետք է բացատրություն տրվի։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։