ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. Հայաստանի համար սահմանային իրադրության վերաբերյալ իր ռազմավարական գործընկերոջ առաջարկն ընդունելի է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ապարանի գրասենյակում համակիրների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Կարծում ենք, որ այդ առաջարկներն ընդունելի են, և մենք էլ առաջարկներ ենք ներկայացրել` ինչպես գործնականում կարող ենք իրականացնել դրանք։ Մեզ համար ընդունելի են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաջարկները, այսինքն` Ռուսաստանը նույնպես համանախագահ երկիր է, և կա կոնսենսուս փաստորեն»,–ասաց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկում են, որ Հայաստանի և Ադրբեջանի զորքերը հայելային եղանակով դուրս բերվեն սահմանային գծից, որպեսզի սկսվի սահմանների ճշգրտման հարցը։
Անդրադառնալով լուրերին, թե ՀՀ և Ադրբեջանի կառավարության միջև գաղտնի պայմանավորվածություններ կան` Փաշինյանը հերքեց` ասելով, որ եթե նման բան լիներ, ապա ամեն ինչ կարվեր, որ նախընտրական շրջանը հանգիստ լիներ։ Փաշինյանը հավելեց, որ եթե կա կուլիսային պայմանավորվածություն, ապա դա կարող են լինել այն սուբյեկտները, որոնք ԼՂ-ն 1997-98թթ. դուրս են թողել բանակցային գործընթացից (խմբ. -նկատի ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին)։
Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող էր միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման հարցերի քննարկման ժամանակ:
Ովքեր կարող են կանգնել Հայաստան–Ադրբեջան սահմանին․ Նիկոլ Փաշինյանի տարբերակները
Երեկ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հայտարարել էր, որ Բաքուն կողմ է Մոսկվայի առաջարկին` սահմանազատման և սահմանագծման հարցով եռակողմ հանձնախումբ ստեղծելու մասին։