Քոչարյանն ասաց՝ որն է լինելու իրենց N1 անելիքը հաղթելու դեպքում և ինչով է զբաղվելու ԱԱԾ–ն

Քոչարյանի խոսքով՝ դաշնակից երկրների, հատկապես Ռուսաստանի հետ Հայաստանը պետք է նոր օրակարգով աշխատի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Ընտրություններում հաղթելու դեպքում առաջին գործը լինելու է զինված ուժերի մարտունակության վերականգնումը։ Այս մասին այսօր` մայիսի 29–ին կազմակերպված հատուկ հավաքի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի ղեկավար, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ոչ միայն արժանապատիվ պատերազմ, այլ արժանապատիվ խաղաղություն ունենալու համար մեզ պետք է ուժեղ բանակ։ Պարտությունը ծանր հարված է, և մենք պետք է օգնենք մեր ժողովրդին հաղթել այն բարդույթը, որ ձևավորվել է դրանից հետո», - ասաց նա։

Նա նշեց, որ դաշնակից երկրների հետ նոր օրակարգով է պետք աշխատել։

Հատուկ հավաք. ի՞նչ է առաջարկում Քոչարյանի գլխավորած «Հայաստանը»

«Պետք է նոր գաղափարներ առաջարկել. չի կարելի հին մտքերով շարժվել։ Խոսքն առաջին հերթին գնում է Ռուսաստանի մասին։ Մենք նաև կվերականգնենք մեր դիրքերը միջազգային կազմակերպություններում։ Ես ունեմ խորը համոզմունք, որ մենք ի վիճակի ենք շատ արագ այնպիսի լուծումներ տալ, որ մեր երկիրն այսպիսի իրավիճակներում երբեք չհայտնվի», - ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

Նա նաև նշեց, որ «Հայաստան» դաշինքի հաղթանակի դեպքում ԱԱԾ-ն կրկին կզբաղվի լուրջ գործերով, ոչ թե ՀԴՄ կտրոններ կամ սատանա փնտրելով։

Հիշեցնենք` Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։ Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի հունիսի 7-ին։

«Համբերեք 3 շաբաթ, հրաժարական մի տվեք». Մարուքյանը զգուշացրեց` ինչ կարող է լինել