Ովքեր կարող են կանգնել Հայաստան–Ադրբեջան սահմանին․ Նիկոլ Փաշինյանի տարբերակները

Վարչապետի պաշտոնակատարը ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնեց զորքերը դուրս բերելու և ասաց, որ նման պատրաստակամություն ակնկալում է նաև Բաքվից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` մայիսի 29–ին, ՔՊ գրասենյակում ասաց, թե ովքեր կարող են տեղակայվել հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածում երկու երկրների զորքերի դուրսբերման դեպքում:

«Եթե Ռուսաստանը համաձայն է այս գաղափարի հետ, ապա դա կարող են լինել ռուս սահմանապահներ կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիտորդական խմբեր, կամ էլ թե՛ սահմանապահներ, թե՛ դիտորդներ», - ասաց նա:

Միաժամանակ նա հավելեց, որ սահմանին ներկա այդ ուժերը պետք է երաշխիքներ տան երկու կողմից զորքերը դուրս բերելու մասին:

ԱԱԾ պահեստազորի սպաների միության անդամները մեկ ելք են տեսնում սահմանին ստեղծված իրավիճակից

Վարչապետի պաշտոնակատարը ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնեց զորքերը դուրս բերելու և ասաց, որ նման պատրաստակամություն ակնկալում է նաև Բաքվից:

Դրանից հետո պետք է սկսվի սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը:

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Գերեվարված հայ զինծառայողները գտնվել են ՀՀ տարածքում. ՊՆ-ն քարտեզ է ներկայացրել

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։

Մայիսի 28-ին Փաշինյանը Երևանում իր նախընտրական շտաբների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ ԱՄՆ-ն արդեն հայտարարություն է արել, սպասում են մյուսների արձագանքին։