Մենք պատրաստ ենք մեր զորքը Սոթքից հետ կանչել ցանկացած պահի. Նիկոլ Փաշինյան

Փաշինյանն ասաց, որ սպասում է համաձայնագրերի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ադրբեջանական կողմի միջև:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկը հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակը մեղմելու մասին, Երևանի համար ընդունելի է։ Այս մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համախոհների հետ հանդիպման ժամանակ:

Եթե սցենարը զարգանա վատագույն տարբերակով, չի բացառվում Իրանի միջամտությունը

Ավելի վաղ համանախագահները կոչ են արել շտապ քայլեր ձեռնարկել սահմանին սրումը նվազեցնելու, զինված ուժերը հետ կանչելու և սահմանազատման շուրջ բանակցություններ սկսելու ուղղությամբ:

«Համանախագահների առաջարկությունը մեզ համար սկզբունքորեն ընդունելի է: Հայաստանի կառավարությունը պատրաստ է ցանկացած պահի զորքերը դուրս բերել: Մենք սպասում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համաձայնագրերին Բաքվի հետ, որպեսզի դա անենք ադրբեջանական կողմի հետ միաժամանակ», - ասաց նա:

Նա նշել է, որ խոսքը Սոթք-Խոզնավար հատվածում տեղակայված զորքի մասին է։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Գերեվարված հայ զինծառայողները գտնվել են ՀՀ տարածքում. ՊՆ-ն քարտեզ է ներկայացրել

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։

Մայիսի 28-ին Փաշինյանը Երևանում իր նախընտրական շտաբների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ ԱՄՆ-ն արդեն հայտարարություն է արել, սպասում են մյուսների արձագանքին։