Լիանա Գյուրջյանը փայլուն հանդես եկավ և դարձավ ծանրամարտի աշխարհի չեմպիոն

Հայ մարզուհին երկամարտի արդյունքով առաջ անցավ թուրք մարզուհուց, դրանից բացի նաև փոքր ոսկե և արծաթե մեդալներ նվաճեց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik.Հայաստանի ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանը (81 կգ) այսօր` մայիսի 29–ին, փայլուն հանդես եկավ Տաշքենդում շարունակվող ծանրամարտի երիտասարդական առաջնությունում և հռչակվեց աշխարհի չեմպիոն: Ուրախ լուրը և Լիանայի լուսանկարները Facebook–ի էջում հրապարակել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։

Լիանան հաջողությամբ կատարեց իր բոլոր երեք մոտեցումները՝ նախ պոկում վարժությունում հաջորդաբար սանձելով 90, 95 և 98 կգ կշռող ծանրաձողերը, ապա հրում վարժությունում նույն հերթականությամբ բարձրացրեց 117, 121 և 125 կիլոգրամանոց ծանրաձողերը:  Պոկում վարժությունից հետո Լիանան ընդհանուր հաշվարկում 3-րդն էր, սակայն առաջին տեղը գրաված կոլումբիացի մարզուհին տարիքի պատճառով չէր մասնակցում  մրցույթին:

Արցախցի սամբիստ Դավիթ Հովսեփյանը հաղթեց ադրբեջանցուն ու չեմպիոն հռչակվեց

Կոլումբիացին առաջինն էր նաև հրում վարժությունում, սակայն նրա արդյունքը մրցութային չէր կարող համարվել:

Այսպիսով առաջնության հաղթող դարձավ Լիանան: Մեր մարզուհին նաև փոքր ոսկե և արծաթե մեդալներ նվաճեց:

Երկրորդ տեղը գրավեց թուրք մարզուհի Դիլարա Ուքանը (պոկում` 99, հրում` 123, երկամարտի արդյունքը` 222):

Այսպիսով` երկամարտի արդյունքով Լիանան կարողացավ գերազանցել նրան 1 կիլոգրամով:

Հիշեցնենք` Տաշքենդում անցկացվող մրցաշարում 2 օր առաջ էլ` մայիսի 27–ին, ծանրամարտիկ Կարեն Մարգարյանը դարձավ աշխարհի փոխչեմպիոն։